Բացահայտիր Արմավիրը. Վաղարշապատի պատմամշակութային ժառանգությունը

Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը Հայաստանի հոգևոր, մշակութային ու պատմական կարևորագույն կենտրոններից է: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու վարչական ու հոգևոր կենտրոնը՝ քաղաքը հարուստ է տարբեր դարաշրջաններին պատկանող պատմամշակութային հուշարձաններով, որոնք ներառում են ինչպես վաղ միջնադարյան եկեղեցական համալիրներ, այնպես էլ 19-20-րդ դարերի քաղաքացիական ճարտարապետության ու հոգևոր կյանքի արժեքավոր նմուշներ:
19-րդ դարի առաջին կեսի բնակելի տուն (Իսի Լե Մուլինո փողոց, 46)
Իսի Լե Մուլինո փողոցի 46 հասցեում տեղակայված բնակելի տունը հանդիսանում է 19-րդ դարի առաջին կեսի քաղաքացիական ճարտարապետության ուշագրավ օրինակ:
Այն արտացոլում է տվյալ ժամանակաշրջանի Վաղարշապատի ճարտարապետական դիմագիծն ու բնակելի շինարարության ավանդույթները: Շինությունն ընդգրկված է քաղաքի պահպանվող պատմական հուշարձանների ցանկում:

Էջմիածնի միաբանության գերեզմանոց (17-20-րդ դարեր)
Վաղարշապատի տարածքում է գտնվում Էջմիածնի միաբանության պատմական գերեզմանոցը, որն ընդգրկում է 17-րդ դարից մինչև 20-րդ դարն ընկած ժամանակահատվածը:
Այս տարածքն ունի բացառիկ հոգևոր ու պատմական արժեք, քանի որ այստեղ են ամփոփված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր դարերի միաբանների, հոգևորականների և եկեղեցական գործիչների աճյունները: Տապանաքարերն ու տապանագրերը կարևոր սկզբնաղբյուր են Հայ Եկեղեցու և Մայր Աթոռի պատմության ուսումնասիրության համար:

Կոորդինատներն են` 40°09'45"N 44°17'30"E:
Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: