Նորապատի դպրոցի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունն առնվազն տարակուսելի է. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

Լրատվական կայքերում հրապարակված «Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում» վերտառությամբ նյութում ներկայացված մի շարք տեղեկություններ չեն համապատասխանում իրականությանը։
Ի հակադրություն հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվության՝ ՀՀ Արմավիրի մարզի Նորապատի միջնակարգ դպրոցում ուսումնական գործընթացն իրականացվում է պատշաճ կերպով՝ ապահովելով սովորողների կրթության բնականոն շարունակականությունը։
Դպրոցի շահագործման հանձնված մասնաշենքում դասասենյակները կահավորված են անհրաժեշտ գույքով՝ սեղաններով և աթոռներով, և աշակերտների համար ապահովված են ուսումնական գործընթացի կազմակերպման անհրաժեշտ պայմանները։
Առաջարկում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ տարատեսակ ու չճշգրտված տեղեկատվության հրապարակումից՝ առավել ևս արհեստական բանականությամբ պատրաստված ուղեկցող լուսանկարի հրապարակումից։
Անընդունելի ենք համարում դպրոցի բնականոն գործունեության շուրջ չստուգված տեղեկությունների և ենթադրությունների տարածումը, այդ թվում՝ մարզպետի պաշտոնատար անձի հետ դպրոցի գույքի մատակարարման կամ շինարարական գործընթացների վերաբերյալ որևէ կապ վերագրելու փորձերը։