Մայր Աթոռում քննարկում են եկեղեցի-պետություն հարաբերություններն ու հոգևորականների դեմ քրգործերը

· Արմավիրի մարզ

Մայր Աթոռում քննարկում են եկեղեցի-պետություն հարաբերություններն ու հոգևորականների դեմ քրգործերը

Azatutyun.am - ը տեղեկացնում է.

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։

Օրակարգում եկեղեցու ներքին ու կանոնական հարցերից բացի ընդգրկված են նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները։ Վարչապետ Փաշինյանը մեկ տարուց ավելի է փորձում է գահընկեց անել Գարեգին երկրորդին, այդ նպատակն ամրագրված է նաև նրա կառավարության նոր ծրագրում: Նշվում է, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը»։

Կառավարությունը այս գործողությունները մտադիր է իրականացնել՝ «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու համար»։

Կառավարությունը նաև խոստանում է «ապահովել եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պիտի սահմանվեն ֆինանսական թափանցիկության ու հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Ծրագրով գործադիրը խոստանում է նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառել։