Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման ուղղությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ սեպտեմբերի 15–17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նիստերը վարեց Վանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ժողովին մասնակցում էին նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ելևմտից տեսուչ Գերաշնորհ Տ. Թեոդորոս եպիսկոպոս Զաքարյանը։ Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես եկան ի.գ.դ. տիար Գևորգ Դանիելյանը և ի․գ․թ․ տիար Արա Զոհրաբյանը։
Անդրադարձ կատարվեց Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։
Ներկայացվեցին խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։
Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները։ ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատեց հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրեց ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում հարուցվող արհեստական խոչընդոտները՝ մասնավորապես բարեգործական, կրթական ծրագրերի իրականացման, գույքային իրավունքների գրանցման և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացների անհարկի մերժողական կեցվածքը։ Ժողովականները քննարկեցին առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
Եկեղեցու ներքին կյանքը կանոնակարգող կանոնադրական փաստաթղթերի լրամշակման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և տիար Արա Զոհրաբյանը։ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկեց ներկայացված առաջարկները և թելադրեց շարունակել փաստաթղթերի լրամշակումը՝ Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և նվիրագործված ավանդույթներին համապատասխան։ Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը՝ անդրադառնալով դիմորդների ներգրավման, կրթության որակի բարձրացման և դասախոսական կազմի համալրման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Խորհուրդը կարևորեց նախանձախնդիր, նվիրյալ և գիտակ հոգևորականների պատրաստման առաքելությունը՝ ընդգծելով ուսումնական ծրագրերի մշակման, առարկայացանկի և մեթոդաբանության վերանայման, դասախոսական կազմի համալրման, սաների աստվածաբանական գիտելիքների խորացման և հովվական հմտությունների զարգացման հրամայականը։ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը ներկայացրեց համայնքներում քրիստոնեական դաստիարակության կազմակերպման նպատակով հոգևոր հովիվներին տրամադրվելիք ուղեցույց-ձեռնարկի պատրաստման, կիրակնօրյա դպրոցների միասնական համակարգի ձևավորման, կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական նյութերի մշակման աշխատանքների ընթացքը։ Գերագույն հոգևոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց զեկույցը՝ թելադրելով թեմերի և հոգևոր հովիվների հետ համագործակցությամբ գործնական քայլեր ձեռնարկել կիրակնօրյա դպրոցների գործունեության ընդլայնման և հոգևոր-կրթական ծրագրերին երեխաների ու պատանիների մասնակցությունը խթանելու ուղղությամբ։ Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև թեմերի գործունեությանը և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող այլ հարցեր: Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։