Ճանաչենք Արմավիրի շնորհալի զավակներին. Անահիտ Թարյան. Բանաստեղծուհին, լրագրողն ու թարգմանիչը

· Արմավիրի մարզ

Ճանաչենք Արմավիրի շնորհալի զավակներին. Անահիտ Թարյան. Բանաստեղծուհին, լրագրողն ու թարգմանիչը

Հայ բանաստեղծուհի և լրագրող Անահիտ Մնացականի Թարյանը (Մխիթարյան) ծնվել է 1952 թվականի փետրվարի 9-ին Վաղարշապատում:

Նա բանաստեղծ, արձակագիր Մնացական Թարյանի դուստրն է և ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Նվեր Մխիթարյանի քույրը:

1974 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ նա իր մասնագիտական ուղին սկսել է մամուլի և հրատարակչական ոլորտում: 1976-1985 թվականներին աշխատել է «Հրազդան», «Երեկոյան Երևան» և «Պիոներ» պարբերականների խմբագրություններում, 1985-1991 թվականներին՝ «Հրատպետկոմում», իսկ 1992 թվականից՝ ՀՀ Կառավարության աշխատակազմում: 2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: 

Անահիտ Թարյանի ստեղծագործությունները՝ գրված թե՛ մեծերի և թե՛ մանուկների համար, տպագրվել են մամուլում, գրական տարեգրքերում ու ալմանախներում, ինչպես նաև հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ: Նա հեղինակ է բազմաթիվ ժողովածուների, որոնցից են «Երկնքի տատիկը» (1986), «Բախտախաղ» (1989), «Իմ լավ դպրոց» (2001), «Հավատո հանգանակ» (2003), «Էջեր իմ կյանքից» (2005), «Հեքիաթ իսկական Կարուսելկարի մասին» (2007), «Հրեշն ու էշը» (2012), «Արևային աստղաթափ» (2012), «Ձմռան երգը» (2014) և «Հարյուր ճերմակ վարդ՝ սիրո և հիշատակի խոնարհումով» (2015) գրքերը:

Հեղինակը կատարում է նաև գեղարվեստական թարգմանություններ ռուսերենից և անգլերենից․ նրա թարգմանությամբ լույս են տեսել Ալեքսանդր Պուշկինի, Պեյո Յավորովի, Շոթա Նիշնիանիձեի, Մահթումկուլի-Ֆրագիի և այլ հեղինակների գործերից:

Գրական և հասարակական վաստակի համար 2017 թվականին արժանացել է ՀԳՄ Վանթանգ Անանյանի անվան մրցանակի («Գիտնական իշուկը» ժողովածուի համար) և ՀՀ վարչապետի հուշամեդալի: