Բացահայտիր Արմավիրը. Դալարիկ․ Արմավիրի մարզի պատմական ու տնտեսական կարևոր բնակավայրը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Դալարիկ․ Արմավիրի մարզի պատմական ու տնտեսական կարևոր բնակավայրը

Դալարիկ գյուղը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևմուտք:

Հեռավորությունը Երևանից 58 կմ է, պետական սահմանից՝ 20 կմ։ Բնակավայրը հիմնադրվել է 1901 թվականին Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում՝ երկաթուղու շինարարության ընթացքում, և սկզբում կրել է Մաստարա անվանումը։

Դալարիկ է վերանվանվել 1965 թվականի հունվարի 20-ին։ 

Գյուղի զարգացումը սերտորեն կապված է եղել երկաթգծի շահագործման հետ։ 1959 թվականին այստեղ հիմնադրվել է Սովխոզ տնտեսությունը, որից հետո Ախուրյանի ջրամբարի ջրերի շնորհիվ ոռոգելի են դարձել հազարավոր հեկտար հողեր։ Բնակչությունն աստիճանաբար համալրվել է Թալինի, Ջավախքի, Շիրակի և Արարատյան դաշտավայրի տարբեր բնակավայրերից տեղափոխված բնակիչներով։ 1984 թվականին Դալարիկը Թալինի շրջանի կազմից անցել է նորաստեղծ Բաղրամյանի շրջանի կազմ։ 

1980-ական թվականներին գյուղն ունեցել է զարգացած արդյունաբերություն և ենթակառուցվածքներ։ Գյուղի շրջակայքում գործել են 7 խոշոր գործարաններ, այդ թվում՝ Բաղրամյանի հացամթերքի արտադրության, երկաթբետոնի, ցեմենտի արտադրության, խարամի և միջնորմային սալիկների գործարանները

Բնակավայրն ունեցել է երկու դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն։ 

Գյուղատնտեսության ոլորտում բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կոթողներից աչքի են ընկնում Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը և 2015 թվականին օծված Սուրբ Վարդան նորակառույց եկեղեցին։ 

Կոորդինատներ՝ 40°13'06" N 43°51'37" E (Դալարիկ)