ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը այցելել է Էջմիածին

ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը այցելել է Էջմիածին, որտեղ նրան հյուրընկալել է Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Բարնսը այցելել է նաև Խոր Վիրապ և Մատենադարան:
«Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով։ Շնորհակալություն եմ հայտնում Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար, ինչպես նաև Խոր Վիրապի և Մատենադարանի իմ սիրալիր հյուրընկալողներին», - նրա խոսքերն է մեջբերում դեսպանատունը։
Նախօրեին էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի էր մասնակցել Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնը, ինչից հետո նրան ընդունել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսն ուրբաթ օրը հանդիպել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Դիվանագետները քննարկել էին Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերը: