Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը հայտնվել են նախընտրական գործընթացում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։
Ընտրությունների ժամանակ գործող իշխանության կամ պաշտոնյայի համար առավելություն կարող է ստեղծվել ոչ միայն ընտրողներին ուղղակիորեն քարոզելու, այլև հանրային ռեսուրսը քարոզչական նպատակով օգտագործելու միջոցով։ Հենց այս իրավիճակն է Արաքս համայնքում, որտեղ համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը վերջին օրերին ակտիվորեն օգտագործվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ղազար Ղազարյանի քարոզչական նյութերը տարածելու համար։
Օրինակ՝ Արտիմետ և Մեծամոր գյուղական բնակավայրերի էջերով նույնիսկ քարոզարշավի օրացույցն է տարածվում, թե Ղ. Ղազարյանը որտեղ և երբ է հանդիպումներ ունենալու:
Մեծամոր բնակավայրի ֆեյսբուքյան էջով անգամ տարածվում են իշխող կուսակցության թեկնածուի քարոզարշավի տեսանյութերը:
Բնակավայրերի ֆեյսբուքյան էջերը ստեղծվել և օգտագործվում են համայնքի բնակիչներին իրազեկելու, համայնքում կատարված աշխատանքներն ու համայնքային կյանքին վերաբերող տեղեկությունները ներկայացնելու համար։ Սակայն, ընտրարշավի ընթացքում այդ էջերի բովանդակության մի մասը վերածվել է գործող համայնքի ղեկավարի և միաժամանակ ավագանու թեկնածուի քարոզչության գործիքի։
Որոշ հրապարակումների դեպքում անգամ փորձ է արվել պահպանել քարոզչության համար սահմանված կանոնների ձևական կողմը։ Մասնավորապես, Ղազար Ղազարյանի լուսանկարը և քվեաթերթիկում նրա ցուցակի համարը պարունակող, ինչպես նաև ավագանու մյուս թեկնածուների ցուցակը ներկայացնող հրապարակումները տեղադրվել են քարոզարշավի մեկնարկից երկու օր առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց, թե ով է լինելու իրենց թեկնածուն:
Ընտրական օրենսգիրքը նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում արգելում է վարչական ռեսուրսի օգտագործումը։ Խոսքը, մասնավորապես, ծառայողական պարտականությունների կատարման համար տրամադրված ֆինանսական և տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, ինչպես նաև նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործման մասին է, եթե դրանք կիրառվում են ընտրություններում առավելություն ստանալու նպատակով։
Վարչական ռեսուրսը հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հասանելի մարդկային, ֆինանսական և նյութական միջոցներն են, որոնց նկատմամբ նրանք ունեն վերահսկողություն՝ հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների կառավարման արդյունքում։
Այս դեպքում հարցը հենց այդ սահմանագծի մասին է։ Արաքս համայնքի բնակավայրերի ֆեյսբուքյան էջերը համայնքապետարանի տնօրինության տակ գտնվող տեղեկատվական միջոցներ են։ Դրանք նախատեսված են համայնքի բնակիչներին համայնքի աշխատանքների և հանրային նշանակության տեղեկությունների մասին իրազեկելու համար, ոչ թե ընտրություններին մասնակցող կոնկրետ քաղաքական ուժի կամ դրա ցուցակը գլխավորող, գործող համայնքի ղեկավարի քարոզչությունն իրականացնելու։
Երբ համայնքի պաշտոնական կամ համայնքապետարանի կողմից տնօրինվող տեղեկատվական հարթակը սկսում է ծառայել գործող պաշտոնյայի նախընտրական քարոզչությանը, հանրային և կուսակցական ռեսուրսների միջև սահմանը խախտվում է։ Իսկ ընտրությունների ժամանակ այդ սահմանը պատահական կամ երկրորդական հարց չէ: Դրանով պետք է ապահովվեն թեկնածուների համար հավասար պայմաններ։
Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարսենիկ Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ բնակավայրերի աշխատակազմի կողմից սոցիալական էջերում քարոզչական նյութեր տարածելուց, թեև այդ հարցին լուրջ են վերաբերում։
«Երևի վարչական ղեկավարները ցանկացել են իրենց էջերով տարածել ու չեն նկատել, որ բնակավայրի էջում են մուտք եղած։ Շնորհակալություն տեղեկացնելու համար, կզբաղվենք»,- ասում էր Վարսենիկ Վարդանյանը և հավելում, որ համայնքի ղեկավար և թեկնածու Ղազար Ղազարյանի էջով են միայն այդ նյութերը տարածում, իսկ նա արձակուրդում է։