Վաղարշապատի ավագանու թեժ նիստը․ «Հաղթանակի» անդամներին զարմացրել է ՔՊ-ի ներկայացուցիչների քվեարկությունը

Hy.armradio.am -ը գրում է.
Վաղարշապատի ավագանու նիստում տասնյակ հարցերից հատկապես երկուսն են առանձնացել։ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը դարձել է Վաղարշապատ համայնքի պատվավոր քաղաքացի, իսկ «Հաղթանակ» խմբակցության 7 անդամների լիազորությունները դադարեցնելու նախագիծը չի ընդունվել։
Քվեարկության ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամ ձեռնպահ է մնացել, ինչը զարմացրել է «Հաղթանակի» անդամներին։
Վաղարշապատի ավագանու օրակարգում 32 հարց էր։ Դրանց կեսը՝ չզեկուցվող։ Բյուջեի փոփոխություններ, հաստիքացուցակներ, համայնքային կառույցների հարցեր։ Բայց հիմնական քննարկումները երկու քաղաքականապես զգայուն հարցերի շուրջ էին։
Նիստի ամենաքննարկվող հարցերից մեկը համայնքի պատվավոր քաղաքացու կոչումն էր, որն Էջմիածնի տոնի առիթով առաջարկվում էր շնորհել Արմավիրի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին։
Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը ներկայացրեց նրա ներդրումը մարզի հոգևոր կյանքում՝ նշելով, որ 2001 թվականից՝ թեմի առաջնորդության տարիներին, համայնքում կառուցվել է 10 և վերաօծվել 6 եկեղեցի։
«Թեմի առաջնորդության տարիներին ինչքան եկեղեցիներ են վերաօծվել, ինչքան եկեղեցիներ են կառուցվել: Իր բացառիկ ավանդը տեղ ունի այդ գործերում, մեր համայնքի բնակչության հոգևոր կյանքը բերենորոգող մի շարք ծրագրերի մեջ»։
Նախագծի շուրջ, սակայն, քաղաքական տարաձայնություն առաջացավ։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը դեմ արտահայտվեց նախաձեռնությանը՝ այն համարելով պետական և համայնքային իշխանության միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։
Նրա խոսքով՝ Արմավիրի թեմի առաջնորդը միացել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականին ուղղված արշավին, և ավագանու որոշումը նույնպես պետք է դիտարկել այդ համատեքստում։
«Եթե այսօր ավագանին պաշտոնական կոչումների և իր հանրային հեղինակության միջոցով դիրքավորվում է Հայ Առաքելական եկեղեցու ներքին հակադրության հարցում որպես կողմ, վաղը մեկ այլ պետական կամ տեղական մարմին կարող է նույն տրամաբանությամբ որոշել, թե որ հոգևորականն է արժանի պետական պարգևի, որ հոգևորականի տեսակետն է ընդունելի տվյալ ժամանակի իշխանությանը, որը՝ ոչ»:
«Հաղթանակ» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայների մեծամասնությամբ նախագիծն ընդունվեց։
Օրակարգի հաջորդ հարցով արդեն քննարկվում էր «Հաղթանակ» խմբակցության 7 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Նրանք ավագանու նիստերի կեսից ավելիին բացակայել էին։
Հարցը նախ քննարկվել էր ավագանու մշտական հանձնաժողովում, որի նախագահ Լևոն Խաչատրյանը կողմ էր լիազորությունների դադարեցմանը։
«Ես ի սկզբանե կողմ եմ եղել, որ դադարեցվի լիազորութունները, որովհետև նրանք ուզում են ոչ թե քաղաքի ժողովրդի, մեր համայնքի դարդուցավի մասին մտածեն, այլ իրենց վերևից ոնց ասել են, այդպես անեն»:
«Հաղթանակը» բացակայությունների պատճառը քաղաքական և նախընտրական գործընթացներով է պայմանավորում։ Խմբակցության 7 անդամներից երեքը Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ էին։
Խմբակցության անդամ Աննա Արշակյանն ասում է՝ բացակայությունները համայնքի աշխատանքը խաթարելու նպատակ չեն ունեցել։
«Եվ, կարծում եմ, կհամաձայնեք, որ անցած նստաշրջանի ընթացքում մենք քաղաքական բաղադրիչը երբեք չենք բերել համայնքի ավագանի, այլ միշտ մեզ համար գերակա է եղել համայնքի շահը, ինչի մասին վկայում են օրակարգային նախագծերին մեր քվեարկությունները»:
Վերջնական քվեարկությամբ, սակայն, լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամ ձեռնպահ մնաց։
«Հաղթանակ» խմբակցության անդամ Էմմա Պատուրյանի համար դա անսպասելի էր։
«Ինչքան էլ մենք ընդդիմադիր ենք, նույն գաղափարները չենք կիսում, բայց մեր քաղաքը փոքր է, որոշներս շատ հեռու բարեկամներ ենք, նույն դպրոցում ենք սովորել, նույն շենքի բակում մեծացել: Ինձ համար անակնկալ էր, որ իմ կոլեգաներից կողմ եղան, և անակնկալ էր, որ եղան ձեռնպահ քվեարկող անձինք»։
Այս երկու հարցերից բացի, ավագանին քննարկեց համայնքային կյանքի մի շարք այլ հարցեր։
Նիստին խմբակցությունները գրեթե ամբողջ կազմով ներկա էին։
Աղավնատուն և Հովտամեջ գյուղերում ավարտին են մոտենում նոր մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքները։ Ավագանին հաստատեց դրանց կանոնադրություններն ու հաստիքացուցակները։
Ներկայացնում է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Հակոբյանը։
«Մանկապարտեզը գործելու է 6 խմբով, կրթական ծառայություն է մատուցելու մոտ 180 երեխայի և ունենալու է 28 աշխատակից»:
Ավագանին միջոցներ հատկացրեց նաև «Մուայթայ» ֆեդերացիայի անդամ, միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոններ Գևորգ Սիմոնյանին ու Վաչիկ Միքայելյանին՝ աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին մասնակցելու համար։