Ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ

· Հայաստան

Ճանապարհահատվածների միջին նորոգման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 8,9 մլրդ դրամ

Կառավարությունը 8.9 մլրդ դրամ է հատկացրել ՏԿԵ նախարարությանը՝ ճանապարհների միջին նորոգում իրականացնելու նպատակով։ Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ճանապարհների ընդհանուր երկարությունը 176.1 կմ է. «Ամբողջ ծավալից 113.2 կմ-ը միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ են, 33.6 կմ-ը՝ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ, 29.3 կմ-ը՝ մարզային նշանակության ճանապարհներ»։

Նիկոլ Փաշինյանը թվարկել է որոշմամբ նորոգվող ճանապարհները։

Կիրականացվեն հետևյալ միջին նորոգման աշխատանքները՝ Արագածոտնի մարզում Ապարանից դեպի Ալագյազ 10.5կմ, (աշխատանքներն ավարտական փուլում են), Ալագյազից դեպի Ծիլ Քար 11 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Փարաքարի, Վաղարշապատի և Արշալույսի հատվածներ 2.8կմ (աշխատանքներն ավարտվել են), Լոռու մարզում՝ Վանաձորից դեպի Վահագնաձոր 11կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Վահագնաձորից դեպի Ձորագետ 11 կմ (աշխատանքները մեկնարկային փուլում են), Սյունիքի մարզում՝ Նորավանից դեպի Հարժիս 15.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Արագածոտնի մարզում՝ Ագարակից դեպի Բյուրական 2.7 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Դաշտադեմից դեպի Քարակերտ 11.3 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Դիլիջանի թունել 6.1 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Արմավիրի մարզում՝ Արմավիրից դեպի Զորամաս 2 կմ (աշխատանքներն ավարտվել են), Շիրակի մարզում՝ Ախուրյանից դեպի Ջրառատ 12.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Կոտայքի մարզում՝ Հրազդանից դեպի Հանքավան (աջ և ձախ գոտիներ) 8.2 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Գեղարքունիքի մարզում՝ Լճափից դեպի Հայրավանք 7.6 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Տավուշի մարզում՝ Դիլիջանից դեպի Հաղարծին 9.5 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Տավուշի մարզում՝ Հաղարծինից դեպի Հովք 9.4կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Երևանի Աճառյան փողոցում՝ Երևանից դեպի Պտղնի (աջ և ձախ գոտիներ) 10 կմ, (աշխատանքները նախապատրաստական փուլում են), Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղից դեպի Սեմյոնովկա 2 կմ (աշխատանքներն ավարտական փուլում են), Սյունիքի մարզում՝ Հարժիսից դեպի Գորիս 8.8 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Սյունիքի մարզում՝ Ծավից դեպի Շիշկերտ 5.6 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիշկերտից դեպի Շվանիձոր 12 կմ (աշխատանքները փաստացի մեկնարկել են), Շիրակի մարզում՝ Գյումրու փողոցներ 6.3 կմ (աշխատանքները նախապատրաստական փուլում են)։

ՏԿԵ նախարարը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված 500 կիլոմետր ճանապարհների կառուցումն ու հիմնանորոգումը կիրականացվի. «Մենք արդեն 310 կմ շրջակայքում ենք, բացի այդ 120 կմ հիմնանորոգված, ներքին շերտ տեղադրված ճանապարհ ունենք»։

Անդրադառնալով շինաշխատանքների որակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Մեր հիմնական կենտրոնացումը որակն է, որովհետև ճանապարհների կառուցմանը զուգահեռ մենք պետք է անընդհատ և շարունակաբար տեսնենք որակի բարձրացում։ Գիտեմ, որ նախարարությունն այս ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։

Համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում, որպեսզի ինքներս վստահ լինենք, որ որակի վերահսկողության պատշաճ կարողություններ ունենք»։

Արձագանքելով՝ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ այս տարվա ընթացքում ձեռք են բերվել 230 մլն դրամի սարքավորումներ՝ լաբորատորիայի կարողությունները լավարկելու շրջանակում։