Բացահայտիր Արմավիրը. Բամբակաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցին․ Արմավիրի մարզի հոգևոր կենտրոնը

Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում և ընդգրկված է բնակավայրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Սկզբնական շրջանում եկեղեցու տեղում եղել է փայտաշեն տանիքով մատուռ։
1901-1914 թվականներին տեր Հովհաննես քահանայի, գյուղի բնակիչների և Նոր Նախիջևանի հայ համայնքի աջակցությամբ կառուցվել է ներկայիս Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տաճարի օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկը։
Խորհրդային կարգերի հաստատման առաջին տարիներին եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների պահեստի, սակայն հետագայում երկու անգամ վերանորոգվել է։ Երկրորդ վերանորոգումն իրականացվել է 1991 թվականին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք։ Կառուցման և վերանորոգման վերաբերյալ արձանագրությունը պահպանվել է եկեղեցու մուտքի մոտ։
Վերանորոգումից հետո տաճարը վերստին վերաբացվել է և իրականացնում է իր հոգևոր առաքելությունը։
Եկեղեցու 100-ամյակի կապակցությամբ բարեկարգվել է բակը, տեղադրվել է նոր ցանկապատ և փոխվել է խորանի խաչը։ Տաճարի բակում տեղադրվել է 2 խաչքար, որոնցից մեկը, որի հեղինակն է բամբակաշատցի տվերաբնակ բարերար Լևոն Սուլկարյանը, նվիրված է Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։
Կոորդինատներ․ 40°06'35" N 44°02'28" E (Բամբակաշատ)