Բացահայտիր Արմավիրը. Ակնաշեն․ Արմավիրի մարզի հնագույն բնակավայրն ու նրա հարուստ ժառանգությունը

Ակնաշենը (նախկինում՝ Վերին Խաթունարխ) գյուղ է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում՝ Վաղարշապատ քաղաքից մոտ 6 կմ հարավ։
Գյուղը տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 34 կմ հարավ-արևելք, Սև Ջուր (Մեծամոր) գետի ավազանում՝ ծովի մակերևույթից մոտ 835-900 մ բարձրության վրա։ Բնակիչների նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, ինչպես նաև Սուրմալուից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Ակնաշենը հայտնի է իր բացառիկ հնագիտական արժեք ներկայացնող հուշարձաններով։ Հնագետները բացահայտել են շուրջ 8000 տարվա հնություն ունեցող նեոլիթյան բնակավայր։ Հնավայրում հայտնաբերվել են մ․թ․ա․ VI հազարամյակի առաջին կեսով թվագրվող «Առատաշեն–Շուլավերի–Շոմութեփե» մշակույթի շերտեր, օբսիդիանից պատրաստված գործիքներ, ինչպես նաև փայտածուխի ու մշակված բույսերի վերամշակման հետքեր։
Ամենավաղ հորիզոնը թվագրվում է մ․թ․ա․ 5950 թվականով։ Գյուղի տարածքում են գտնվում նաև մ․թ․ա․ 6-րդ - 5-րդ հազարամյակի «Հին Ակնաշեն» բնակատեղին, մ․թ․ա․ 4-րդ - 3-րդ հազարամյակի դամբարանադաշտը և Սուրբ Բարթողիմեոս եկեղեցին։
Տնտեսական առումով Ակնաշենը գյուղատնտեսական բնակավայր է։ Գյուղն օգտվում է Արարատյան դաշտի բերրի հողերից ու ոռոգման համակարգերից։ Բնակչության հիմնական զբաղմունքներն են բանջարաբուծությունը (լոլիկ, վարունգ, տաքդեղ), պտղաբուծությունը, խաղողագործությունը և անասնապահությունը։
Կոորդինատներ․ 40°05'45" N, 44°17'10" E (Ակնաշեն)