Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ

· Արմավիրի մարզ

Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Արմավիրի մարզպետ

Armtimes.com -ը գրում է.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ իր ստացած ահազանգի համաձայն՝ Արմավիրի մարզպետը «դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։

Թեմային անդրադարձել է Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ հերքելով այս տեղեկությունը:

«Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, թե ես իբր դաշնակցական Ռազմիկ Այվազյանին հորդորել եմ մտածել բանակում ծառայող որդու մասին և չառաջադրվել Արմավիրի ընտրություններում։

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ոչ միայն երբեք նման բան չեմ ասել Ռազմիկ Այվազյանին, այլև երբեք ոչ մի անգամ կյանքումս ՉԵՄ ՀԱՆԴԻՊԵԼ այդ մարդուն։

Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»,- գրել է մարզպետը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջերում տեսանյութ էր հրապարակել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ճնշումների վերաբերյալ հայտարարություններին:

Վարչապետը նկատել էր, որ նախ դեռևս հիմնավորված ահազանգեր չի ստացել նման ճնշումների վերաբերյալ, իսկ աշխատանքից ազատման, լծակներ կիրառելու, վարույթներ հարուցելու համար պետք են հիմնավորումներ, քանի որ ուղղակի ինչ-որ անձի, դեպքի կամ երևույթի մասին առանց հիմնավորման չի կարող գործել:

Նա միաժամանակ շեշտել էր՝ կանգնած է յուրաքանչյուր քաղաքացու կողքին, որը պայքարում է իրավունքի գերակայության համար: