Ինչո՞ւ է Արմավիրի մարզում ՔՊ–ն միայնակ մասնակցում ընտրություններին. հարց մարզպետին

· Արմավիրի մարզ

Ինչո՞ւ է Արմավիրի մարզում ՔՊ–ն միայնակ մասնակցում ընտրություններին. հարց մարզպետին

Ես էլ կարող եմ շատ բան ասել, բայց պետք է ասածը հիմնավորել. Դանիել Իոաննիսյանը ապացույցներ չունի, և ես հայցով դիմել եմ դատարան. դատարանի որոշումը կլինի դուք բոլորդ կիմանաք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառմանը, որտեղ նա հայտնել էր, որ ահազանգ են ստացել, որ Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին։

Հարցին՝ որտեղից գիտի, որ Դանիել Իոաննիսյանը ապացույցներ չունի, մարզպետը պատասխանեց. «Որովհետև ես տվյալ անձին երբևիցե հանդիպած չկամ, տեսած չկամ։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում, լսելով գիտեմ։

Խնդիրը ո՞րն էր որ մենք նման բաներով զբաղվենք, երբ մենք ունենք ժողովրդի աջակցությունը, մեր արած գործերը շատ լավ գիտենք, համայնքի ղեկավարի ռեյտինգը շատ բարձր է, մենք ինչի՞ պիտի գնայինք այդպիսի քայլերի։

Բոլոր նրանք, ովքեր հայտարարություններ կանեն, դատարանով ապացուցելու ենք և հերքվելու է, վստահեցնում եմ ձեզ։ Դանիել Իոնիսյանը ասում է, դատավարությունը կվերջանա, դուք բոլորդ կիմանաք։

Մենք նման գործելաոճով չենք աշխատում, և չենք կարող մարդկանց նման բաներ ասել, առհասարակ, մենք ոչ մեկի հետ նման ձևով չենք խոսում»։

Հարցին՝ եթե ճնշումներ չկան, այդ դեպքում ինչու Արմավիրի մարզում ՔՊ-ն միայնակ է մասնակցում ընտրություններին, նա արձագանքեց. «Որովհետև Արմավիրի մարզի թեկնածուի՝ Վարշամ Սարգսյանի ռեյտինգը շատ բարձր է, վստահ եմ, որ մտածել են ձեն չեն հավաքելու, դրա համար չեն առաջադրվել»։

Նշենք, որ ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook–ի իր էջում, մասնավորապես, գրել էր. «Մեր ստացած ահազանգի համաձայն` Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։

Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. Դանիել Իոաննիսյանը խոստանում է փաստեր ներկայացնել