«Քաղաքական պատվեր է»․ Հետընտրական շրջանում աշխատանքից ազատված Հայաստան Հակոբյանը փորձում է վերականգնել արդարությունը

168․am-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էրԱրմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում հետընտրական քաղաքական մակընթացություններին
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ Հայաստան Հակոբյանը, որը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, այդ օրերին տեղեկացրել էր՝ քաղաքական հայացքների համար անվստահության հիմքով իրեն ազատել են պաշտոնից։
«․․Ինձ ասում է, թե արձակուրդի ժամանակ մուտք եմ գործել քոլեջ, քարոզ եմ արել ուսանողներին, որը բացահայտ սուտ է, պնդում էր, թե ամսի 23-ին աշխատանքի չեմ ներկայացել, բայց ես ներկայացել եմ աշխատանքի և իր թույլտվությամբ էքսկուրսիա եմ տարել ուսանողներին, որ արձակուրդ եմ գնացել՝ մատնանշելով այդ պահին ծագած ընտանեկան պատճառները․․․
Ես բացատրագիրն եմ ներկայացրել իրեն, հիմքեր բերել՝ պնդելով, որ չեն համապատասխանում իրականությանն ընդհանրապես իր մեղադրանքները, բայց երկուշաբթի տեսուչի միջոցով ուղարկում է թուղթը, որտեղ գրված է, թե անվստահության հիմքով ինձ ազատում է աշխատանքից»,- պատմել էր Հայաստան Հակոբյանը։
Նա հայտնել էր նաև, որ իրավական գործընթաց է մեկնարկելու։ Այսօր արդեն 168․am-ին հայտնի դարձավ, որ դատարանն այս հարցով որոշում ունի։
«Երկու նիստով դատական պրոցեսն ավարտվեց։ Առաջին նիստի ժամանակ դատավորը պահանջում էր, որ փաստեր բերեն, որովհետև ինձ վստահության կորստով է ազատել և մեկ ամբողջ օր աշխատանքի չներկայանալու համար։ Բայց այդպես էլ տնօրենի փաստաբանը չկարողացավ այդ փաստերը բերել։
Ընդհակառակը, դատարանում դրեցին այն տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ 9 անց 5 րոպե ես մուտք եմ գործում աշխատանքի վայր, և տնօրենի փաստաբանը հաստատում է։ Այսինքն՝ դատավորը պարզ լսում է, որ ես աշխատանքի եմ ներկայացել և գրեթե 85 րոպե և ավելի եղել եմ աշխատանքի վայրում, որից հետո իմ ուսանողներին տարել եմ էքսկուրսիա տնօրենի գիտությամբ։ Պարզապես տնօրենն այս պահին ասում է, որ ես իրեն չեմ զգուշացրել, բայց, բնականաբար, ստում է,- մանրամասնեց Հայաստան Հակոբյանը և հավելեց,- Դատական պրոցեսն ընթացել է շատ նորմալ, պարզ երևացել է, որ պրիմիտիվ և թույլ գործ է։
Իմ դեմ փաստարկներ ընդհանրապես չեն բերվել, որովհետև նման դեպքում, եթե տնօրենն իրեն խաբված էր զգում իմ կողմից, կարող էր իմ հանդեպ կիրառել նկատողություն, ապա նաև՝ խիստ նկատողություն՝ սահմանված կարգով։ Բայց ես իմ ամբողջ գործունեության ընթացքում ո՛չ նկատողություն ունեմ, ո՛չ խիստ նկատողություն ունեմ։ Ուստի ամեն ինչ հուշում էր, որ հայցս պետք է բավարարեին։ Սակայն ինձ հիասթափություն էր սպասում նաև այդ ատյանում․ դատարանը մերժեց մեր հայցը»։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից ևս ծանոթացանք դատարանի վճռի բովանդակությանը․ «Հայաստան Մաղաքի Հակոբյանի հայցն ընդդեմ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի` «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ջեմմա Սարգսյանի կողմից 29.06.2026 թվականին կայացված «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ, դասախոս Հայաստան Մաղաքի Հակոբյանի հետ 21.01.2020 թվականին կնքված թիվ 08Ա և 09.11.2023թ.-ին կնքված թիվ 03 աշխատանքային պայմանագրերը և 19.01.2024 թվականին կնքված համաձայնագիրը լուծելու և նրան աշխատանքից ազատելու մասին թիվ 124 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, դրա անհնարինության դեպքում՝ համարժեք աշխատանք տրամադրելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին՝ մերժել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»։
Մեր զրուցակիցն արձանագրեց․ «Տեղի ունեցողը քաղաքական պատվեր է․ ես հանդիսանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Հստակ երևում է, որ իշխանությունը լծակներ է օգտագործելը։ Իրենք էին ասում, չէ՞՝ կա՞ մի դատավոր, որ մեր ասածը չկատարի»:
Հայաստան Հակոբյանը սակայն նշեց՝ դիմելու են վերաքննիչ, սպառելու են բոլոր հնարավորությունները՝ արդարությունը վերականգնելու համար։
Հիշեցնենք՝ նախընտրական շրջանում Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջը քաղաքական սկանդալի կենտրոնում էր հայտնվել․ Արման Թաթոյանը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել էր ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը (կամ տնօրենը) հրահանգում ուսանողներին ժամը 17:00-ին լինել հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու համար։ Ըստ ձայնագրության՝ երբ Արսեն անունով ուսանողն ընդդիմանում է, դասախոսը պահանջում է կատարել հանձնարարվածը։