Բացահայտիր Արմավիրը. Զվարթնոցի արծիվ․ Արմավիրի մարզի նշանավոր կոթող-ուղեցույցը

«Զվարթնոց» («Արծիվ») կոթող-ուղեցույցը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ Երևան-Վաղարշապատ մայրուղու ձախ կողմում, Զվարթնոցի տաճարի հարևանությամբ։ Հուշարձանը կառուցվել է 1957 թվականին Հայկական ԽՍՀ խճուղային ճանապարհների վարչության կողմից՝ պատմական նշանակություն ունեցող հուշարձանների շրջակայքում ուղեցույց-կոթողներ ստեղծելու ծրագրի շրջանակներում։
Այն ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հուշարձանն իրենից ներկայացնում է երկու մետր բարձրությամբ բրոնզե արծվի քանդակ, որը տեղադրված է գորշագույն տուֆից կերտված վեց մետր բարձրությամբ պատվանդանի վրա։ Բրոնզե արծվի քանդակագործն է Երվանդ Քոչարը, իսկ պատվանդանի ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը։ Քանդակը հիշեցնում է Զվարթնոցի տաճարի վրա կերտված արծվին, որը հին հայկական զինանշաններից է։
Ռաֆայել Իսրայելյանի նախագծած պատվանդանի վրա վերևից ներքև խոշոր տառերով փորագրված է «ԶՎԱՐԹՆՈՑ»։
Արծվաքանդակ կոմպոզիցիայի խոշորաֆորմատ լուսանկարները պահվում են Երվանդ Քոչարի թանգարանում։
Կոորդինատներ․ 40°09'38" N, 44°20 me'22" E (Զվարթնոց)