Ինչ է պահանջում Արմավիրի մարզպետը Դանիել Իոաննիսյանից

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հայցն արդեն դատարանում է։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումը մակագրվել է Քաղաքացիական դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին։
Վահրամ Խաչատրյանը իր հայցադիմում նշել է․ «Հաշվի առնելով մեջբերված փաստական և իրավական հիմքերն ու հիմնավորումները, խնդրում ենք՝ պարտավորեցնել պատասխանող Դանիել Իոաննիսյանին 20․10․2026թ․ հայցվոր Վահրամ Խաչատրյանի հասցեին հնչեցրած զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել, հետևյալ բովանդակությամբ և կարգով։Բովանդակությունը՝ «Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 20-ին, ինձ պատկանող ֆեյսբուքյան էջի միջոցով տարածել եմ տեղեկություն, ըստ որի՝ «Արմավիրի մարզպետը դաշնակցական Ռազմիկ Այվազյանին Արմավիրի քաղաքապետ չառաջադրվելու «համոզելու» սահմաններում հորդորել է մտածել նոր զորակոչված որդու մասին»։
Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ Արմավիրի մարզի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»․․․Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»։
Նշենք, որ մարզպետը նյութական պահանջ չի ներկայացրել։
Իոաննիսյանը հայտնել էր, որ կազմակերպությունն ահազանգ է ստացել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետը փորձել է Տեղական ինքնակառավարման ընտրություններին (ՏԻՄ) Ռազմիկ Այվազյանին համոզել չառաջադրվել Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում՝ հորդորելով «մտածել նոր զորակոչված որդու մասին»։