Ի՞նչ են նշանակում դատարանի որոշումները՝ կարգալույծ քահանաների գործերը կարճելու վերաբերյալ

Եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։
Դատարանների կայացրած որոշումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կոնկրետ դատական գործերի, այլև Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ինքնավարության և նվիրապետական կառավարման սահմանադրական երաշխիքների պաշտպանության տեսանկյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է եկեղեցուն վերաբերող գործերով պաշտպանական խմբի ղեկավար Արա Զոհրաբյանը։
Այսօր հայտնի դարձան Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներն այն մասին, որ Ստեփան Ասատրյանին (նախկինում Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցերը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չեն։
«Պետության և եկեղեցու անջատվածությունը ենթադրում է, որ պետական մարմինները, այդ թվում՝ դատարանները, չեն կարող ստանձնել եկեղեցական իշխանության գործառույթներ կամ աշխարհիկ իրավակարգավորումներով որոշել հոգևորականների կանոնական կարգավիճակը»,- գրել է Զոհրաբյանը։
Պաշտպանն ընդգծում է դատարանի վերահաստատումը՝ եկեղեցական ներքին հարցերը պետք է լուծվեն եկեղեցու կանոններով և դրանցով նախատեսված ընթացակարգերի պահպանմամբ։
Հոկտեմբերի 22–ին էլ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց կարճել Արման Սարոյանի (նախկինում ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ՝ Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը:
Դատարանը եզրակացրել է, որ վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ Սարոյանի և ՀԱԵ-ի միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ: Դատարանը նաև վերացրել է նախկինում կիրառված միջանկյալ միջոցները։