ՏԻՄ ընտրություններ Արմավիր և Արաքս համայնքներում
Այսօր ՏԻՄ համամասնական ընտրություններ են անցկացվում Արաքս և Արմավիր համայնքներում: Արաքսի 13 գյուղական բնակավայրերում բացվել է 16 ընտրատեղամաս, իսկ Արմավիր համայնքում՝ 29, որից 16-ը՝ Արամվիր քաղաքում: Արաքսում ընտրողների թիվը 16.685 է, իսկ Արմավիրում՝ 37.961: Ընտրողների ակտիվություն գրանցվել է առավոտյան ժամերին, իսկ կեսօրից հետո նվազել է: Արմավիր քաղաքկ 16/7 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1450 է, ժամը 14-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր 210 ընտրող կամ ցուցաբերվել է 14 տոկոս մասնակցություն: Այս ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողներից մեկը ասում է, թե ինչ ակնկալիքներով է եկել ընտրության:
«Քվեարկեցի հանուն բարօրության, որպեսզի ապագան լավ լինի: Քաղաքում, միանշանակ, ակնառու դրական փոփոխություններ կան: Ակնկալիքներս, որ Արմավիրն էլ ավելի մշակութային քաղաք կդառնա, ավելի կբարգավաճի, երիտասարդների համար լայն հնարավորութուններ կընձեռվի: Ապագա սերնդի լավագույն ակնկալիքներով»:


Արմավիրի 16/2 ընտրատեղամասում համեմատաբար ավելի շատ ընտրողներ են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Ընտրացուցակով այստեղ ընտրողների թիվը 1267 է, որից ժամը 14-ի դրությամբ քվերակել էր 445 ընտրող, կամ մասնակցել է քվերակության իրավունք ունեցող քաղաքացիների 35 տոկոսը: Այս երկու ընտրատեղամասերից միայն մեկում կար մի վստահված անձ, դիտորդներ չկային: Ընդհանուր առմամբ Արմավիր համայնքում ժամը 14-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 17.50 տոկոսը, իսկ Արաքսում՝ 21.36 տոկոսը:
Արմավիր համայնքում ՏԻՄ համամասնական ընտրություններին գրանցվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ավագանու թեկնածուները 67 են, ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը:



Իսկ Արաքսում ընտրությանը մասնակցում է 2 քաղաքական ուժ՝ «Արդարություն» կուսկացությունների դաշինքը՝ «Համերաշխություն» և ««Առաջ» աջակենտրոն» կուսկացությունների միավորմամբ և «Քաղաքացիական պայմանագիրը»: «Արդարություն» դաշինքում գրանցվել է ավագանու 19 թեկնածու, որի առաջին համարը Հակոբ Մելքոնյանն է: Ավագանու նախորդ ընտրություններին նա գլխավորում էր «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության ցուցակը և Արաքս համայնքի ավագանու անդամ է: Իսկ ՔՊ-ի թեկնածուները 63-ն են, առաջին համարը համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն է: Քանի որ Արմավիրում միայն մեկ կուսակցություն էր գրանցվել, ուստի այստեղ ընտրողներին տրվում է 2 քվեաթերթիկ՝ կողմ և դեմ: