Իսկ ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ Սրբազանը, ի՞նչ առնչություն ունի այս գործը Սրբազանի հետ, որ ինչ էլ ասի. Պաշտպան

· Արմավիրի մարզ

Իսկ ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ Սրբազանը, ի՞նչ առնչություն ունի այս գործը Սրբազանի հետ, որ ինչ էլ ասի. Պաշտպան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանի միջնորդությունը, որով խնդրել էր Սրբազանի առողջական վիճակով պայմանավորված՝ թույլ տալ այցելել որոշակի բժշկական հաստատություններ, որոնք Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս են։

«Ես խնդրեցի իմ միջնորդությունը քննել դռնփակ, քանի որ բժշկական փաստաթղթեր պետք է հետազոտվեին, որով  պայմանավորված դատարանին խնդրի թույլատրել Սրբազանի առողջության  վերականգնման, պահպանման նպատակով որոշակի բժշկական հաստություններ, որոնք Վաղարշապատ համայնքից դուրս են, այդտեղ բուժումներ ստանալ։

Դատարանը բավարարեց միջնորդությունը»,- ասաց Բաբայանը։

Ինչ վերաբերում է դատաքննության վերջում Արշակ Սրբազանի ցուցմունք տալուն, պաշտպանն ասաց. «Իսկ ի՞նչ ցուցմունք պետք է տա Արշակ Սրբազանը։ Չեմ պատերացնում։ Ի՞նչ առնչություն ունի այս գործը Սրբազանի հետ, որ ինչ էլ ասի։ Ամենաշատը, որ պատկերացնում եմ, պետք է ասի՝ ախր ինչ կապ ունեմ այս ամենի հետ։ Ամեն դեպքում Սրբազանը կորոշի իր ասելիքը՝ և ասել, թե ոչ»։

Հիշեցնենք, որ Արշակ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանը 3 ամիս կալանավորված է եղել։

Այժմ Արշակ Սրբազանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, Սրբազանին արգելված է Վաղարշապատ համայնքից դուրս գալ։