Արշակ սրբազանին թույլատրեցին չմասնակցել նիստերին և Էջմիածնից դուրս գտնվող ԲԿ–ներ այցելել

· Արմավիրի մարզ

Արշակ սրբազանին թույլատրեցին չմասնակցել նիստերին և Էջմիածնից դուրս գտնվող ԲԿ–ներ այցելել

Մայր աթոռի դիվանապետը դատարանի որոշմամբ նաև կարող է չմասնակցել իր գործով դատական նիստերին։

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն այսուհետև կկարողանա Վաղարշապատ համայնքի տարածքից դուրս գտնվող բուժհաստատություններ այցելել։ Նման որոշում կայացրեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանը` բավարարելով փաստաբան Արսեն Բաբայանի միջնորդությունը։

Նշենք, որ Արշակ սրբազանի նկատմամբ սահմանված էր վարչական հսկողություն և Էջմիածնի տարածքից բացակայելու արգելք։

Փաստաբանը միջնորդեց սրբազանին թույլ տալ Էջմիածնից դուրս ԲԿ–ներ այցելել` ելնելով առողջական վիճակից։ Խնդրեց նաև դռնփակ քննարկել հարցը։ Դրանից հետո դատավորը բավարարեց միջնորդությունը։

Արշակ սրբազանը կապ չունի հայտնի տեսագրությունների հետ. Արսեն Բաբայան

Բաբայանը նաև միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Արշակ սրբազանին թույլատրեն չմասնակցել դատական նիստերին, ինչը նույնպես բավարարվեց։

Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրողն էլ թվարկեց ապացույցները, որոնք, ըստ իրեն, նշանակություն ունեն վերդիկտի կայացման համար և դատարանում պետք է հետազոտվեն, այդ թվում՝ ուսապարկի (որում թմրանյութ է հայտնաբերվել) զննության արձանագրությունը, վկաների հարցաքննությունը, հեռախոսային կապերի վերաբերյալ տվյալները և այլն։

Բաբայանը, սակայն, նշեց՝ յուրաքանչյուր կողմ, ներկայացնելով ապացույցը, պետք է նշի, թե ապացույցը կոնկրետ ինչ փաստական հանգամանք է հաստատում։


Հիշեցնենք, որ հետագայում Արշակ սրբազանի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։

Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։ 2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ Մարտի 5-ին Արշակ սրբազանն ազատ արձակվեց, նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն։