Ոստիկան դառնալու համար երիտասարդները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից․ կառավարությունը քննարկում է նոր նախագիծը

· Արմավիրի մարզ

Ոստիկան դառնալու համար երիտասարդները կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից․ կառավարությունը քննարկում է նոր նախագիծը

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, օրակարգում ունի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել զինվորական ծառայության, ոստիկանությունում ծառայության և փրկարար ծառայության մասին օրենքներում։

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ երիտասարդներին՝ հանրակրթությունն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատություն և պետական պատվերի շրջանակում ստանալ միջին մասնագիտական կրթություն՝ առանց նախապես պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջի։

Նախագծի համաձայն՝ առաջին փուլում նախատեսվում է տարկետման իրավունքով ընդունելության 70 տեղ՝ հետագայում դրանց թիվը Կառավարության կողմից ավելացնելու հնարավորությամբ։

Ուսումը՝ 1,5 տարի, ծառայությունը՝ 10 տարի

Առաջարկվող կարգավորմամբ՝ միջին մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած անձինք կնշանակվեն ոստիկանության կամ փրկարար ծառայության միջին խմբի պաշտոններում՝ ՆԳՆ-ում կամ ենթակա պետական մարմիններում անընդմեջ 10 տարի ծառայելու պայմանով։

Միաժամանակ նախատեսվում է ծառայողական առաջխաղացման հնարավորություն։ Միջին խմբի պաշտոններում 5 տարի ծառայելուց հետո անձը կարող է նշանակվել ավագ խմբի պաշտոնում, իսկ ավագ խմբում 3 տարի ծառայելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով, գլխավոր խմբի պաշտոնում։

Նախագծով նախատեսվում է նաև, որ միջին խմբի պաշտոնում նշանակվելու պահից ծառայողները կհամարվեն ատեստավորված և Կառավարության սահմանած չափով հավելավճար ստանալու իրավունք ձեռք կբերեն։

ՆԳՆ-ի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ ուսման և անընդմեջ ծառայության ընթացքում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարած անձանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի կատարված՝ պետությանը և հասարակությանը երկարաժամկետ ծառայելու այլընտրանքային եղանակով։

Որքա՞ն գումար կհատկացվի մեկ ուսանողի կրթությանը

Նախագծի հիմնավորման համաձայն՝ մեկ անձի՝ 1,5 տարի տևողությամբ միջին մասնագիտական կրթության համար անհրաժեշտ գումարը կկազմի 4 մլն 333 հազար 320 դրամ։

Այդ գումարից 1 մլն 710 հազար դրամը նախատեսվում է որպես ուսումնառության ամբողջ ընթացքում ամսական 95 հազար դրամ վարձատրություն՝ 18 ամսվա համար։ Եվս 2 մլն 623 հազար 320 դրամը կուղղվի կրթական ծրագրի իրականացման այլ ծախսերին, այդ թվում՝ դասախոսների վարձատրությանը և կոմունալ ծախսերին։

ՆԳՆ-ի հիմնավորմամբ՝ նախագծերի փաթեթի ընդունումը պետական բյուջեի նոր ծախսերի ավելացում չի ենթադրում, քանի որ ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում ընդունելությունն արդեն իրականացվում է։ Փոփոխությամբ նախատեսվում է սահմանել նաև տարկետման իրավունքով ընդունելության տեղերի քանակը։

Նախագծերի փաթեթը մշակել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է հավանություն տալ օրենսդրական նախաձեռնությանը, այն անհետաձգելի համարել և սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով։

Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է ոստիկանության և փրկարար ծառայության համալրումը մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման և ոլորտի ապագա ղեկավարների պատրաստման հնարավորությունների ընդլայնումը։

Անի Վարդանյան