Նարեկ Օհանյան․ Վալոդյա Գրիգորյանը եղբորս սպшնությшն գործին առնչություն չի ունեցել
Pan.am -ը գրում է.
ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի քննությունը։
Դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ անցկացված նիստում ցուցմունք է տվել մեղադրյալ Նարեկ Օհանյանը՝ հայտարարելով, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն համարում է անհիմն։
Դատարանում Օհանյանն անդրադարձել է փետրվարի 5-ին տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով մահացել է իր եղբայրը։ Նրա ներկայացմամբ՝ այդ իրադարձությանը որևէ առնչություն չեն ունեցել ո՛չ Վալոդյա Գրիգորյանը, ո՛չ Արծրուն Գալստյանը, ո՛չ էլ Կարեն Աբրահամյանը։ Մեղադրյալը պատմել է, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որն ուղեկցվել է ծեծկռտուքով և կրակոցներով, ինչի հետևանքով եղբայրը մահացել է։ Միաժամանակ նա նշել է, որ անձամբ չի տեսել, թե ում արձակած կրակոցն է եղբոր մահվան պատճառ դարձել, հայտնում է «Փաստինֆոն»:
Օհանյանի խոսքով՝ ինքն ու եղբայրը սկզբնական վիճաբանությանը ներկա չեն եղել։ Նրանք դեպքի վայր են գնացել, ինչպես ինքն է ներկայացրել, իր ավտոմեքենան վերցնելու նպատակով։ Այդ միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործով կա միայն մեկ մեղադրյալ, որը որևէ կապ չունի Վալոդյա Գրիգորյանի հետ։
Նարեկ Օհանյանը նաև պարզաբանել է, որ համայնքապետի հետ առանձնապես մտերիմ հարաբերություններ չի ունեցել ո՛չ եղբոր մահվանից առաջ, ո՛չ էլ դրանից հետո։ Նրանք պարզապես համագյուղացիներ են եղել, հանդիպելիս բարևել են միմյանց, իսկ ավտոմեքենաներով երթևեկելիս ճանապարհ են զիջել իրար։ Ըստ մեղադրյալի՝ եղբոր մահվանից հետո Գրիգորյանին գրեթե չի հանդիպել և նրա հետ շփումներ չի ունեցել։
Նմանատիպ հարաբերություններ է ունեցել նաև գործով մյուս երկու տուժողների հետ։ Օհանյանը պնդել է, որ նրանց միջև որևէ առանձնահատուկ կապ կամ փոխհարաբերություն գոյություն չի ունեցել։
«Վալոդյա Գրիգորյանը կապ չի ունեցել, չեմ էլ կարծում, որ հեռակա կարող էր կապ ունենալ այդ դեպքին»,- պնդել է նա։
Դատական նիստի ընթացքում մեղադրյալն անդրադարձել է նաև Վալոդյա Գրիգորյանի սպանության օրը կատարած իր գործողություններին, մասնավորապես՝ բանկոմատից օգտվելու, ավտոմեքենայով տուն վերադառնալու և այնտեղ աղբ այրելու հանգամանքներին։
Օհանյանի ներկայացմամբ՝ ավտոմեքենայում ինքը նստած է եղել վարորդի կողքին, իսկ մյուս ուղևորները մեքենայից դուրս չեն եկել։ Ինքը գնացել է տուն, վերցրել չափման մետրն ու տոպրակները, որից հետո այրել է աղբը։ Կրակայրիչը, նրա խոսքով, վերցրել է իր հետ եղած տղաներից մեկից։ Նա հավաստիացրել է, որ ամբողջ գործողությունը տևել է ընդամենը մեկ րոպե։
Անդրադառնալով բանկոմատից օգտվելու հանգամանքին՝ Օհանյանը հայտնել է, որ սկզբում զորամասի տարածքում գտնվող բանկոմատով ստուգել է իր բանկային քարտը, սակայն պարզվել է, որ գումար չի փոխանցվել։ Այնուհետև նրանք գնացել են ավտոմեքենան բենզինով լիցքավորելու, որից հետո կրկին ստուգել են քարտի մնացորդը։ Երկրորդ անգամ ևս գումար առկա չի եղել։
Մեղադրյալը հաստատել է, որ այդ ընթացքում ավտոմեքենայով անցել են Վալոդյա Գրիգորյանի տան հարևանությամբ, սակայն չի կարողացել հիշել՝ այնտեղ կայանված մեքենա եղե՞լ է, թե ոչ։
Օհանյանը նաև հերքել է վկա Մարդոյանի ներկայացրած տեղեկությունները, համաձայն որոնց՝ սպանության օրը վերջինս նույնպես գտնվել է նշված վայրում։
«Փակված եմ 1 տարի ա, բոչկի զիբիլ վառելը բա՞ն ա դառել»,- հայտարարել է մեղադրյալը։
Ներկայումս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն երկու անձինք՝ 31-ամյա Նարեկ Օհանյանը և 20-ամյա Գևորգ Հարությունյանը։
Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Սպանության առնչությամբ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագ սպանության, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, ինչպես նաև 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով։