«Խելացի» անասնաշենքերի ծրագիրը ձախողած շահառուներից բռնագանձում են փոխհատուցման գումարն ու հաշվեգրված տոկոսները
Hetq.am -ը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունը 2022թ․-ից սկսել է հայցադիմումներ ներկայացնել «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ու դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով փոխհատուցում ստացած քաղաքացիների դեմ՝ գումարները հետ գանձելու պահանջով։ Կառավարությունը ծրագիրն ընդունեց 2019թ․ ապրիլին՝ նպատակ ունենալով կենդանիների պահման պայմանները բարելավելու միջոցով բարձրացնել կենդանիների կաթնատվության և մթերատվության ցուցանիշները։
Ծրագրի տևողության՝ 2019–21թթ․-ի ընթացքում նախատեսվում էր կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք։ Ընդ որում, 30-ը պետք է կառուցվեր 2019թ․-ին, 100–ական անասնաշենք՝ 2020 և 2021 թվականներին։ Էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցում տրամադրելու պայմանագրեր է կնքել 103 քաղաքացու հետ։
Նախարարության տվյալներով՝ «խելացի» անասնաշենքեր ծրագրի շրջանակում պետության աջակցությամբ մինչև 2025թ․-ը կառուցվել է ընդամենը 58 անասնաշենք:
«Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի են նախարարության ներկայացրած տասը հայցը, որոնցով շահառուներից պահանջում է պետբյուջե վերադարձնել տրամադրված գումարները՝ 11,5 մլն-ից մինչև 17,5 մլն դրամ։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները բավարարել են հայցերից 7-ը, հաստատել են կողմերի միջև կնքված մեկ հաշտության համաձայնություն, մերժվել է երկու հայցադիմում։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Տաթև համայնքի Շինուհայր գյուղի բնակիչ Արարատ Գալստյանից 11 մլն 500 հազար դրամ բռնագանձելու պահանջը։ «Խելացի» անասնաշենքեր ծրագրի շահառու Ա․ Գալստյանը էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիրը կնքել է 2020թ․-ի սեպտեմբերի 2-ին:
Նախարարությունը նրան փոխհատուցում է տրամադրել անասնաշենք կառուցելու համար, որտեղ պարտավորվում էր պահել 20-25 գլուխ խոշոր եղեջերավոր կենդանի։ Կենդանիները պետք է ձեռք բերեր իր միջոցներով, և անասնաշենքն առնվազն հինգ տարի օգտագործեր նպատակային։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում: