«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

· Արմավիրի մարզ

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Այս անգամ եւս ընդդիմությունը բավականին պասիվ է գտնվել՝ 10 համայնքից 5-ում միակ առաջադրված ուժը «Քաղպայմանագիրն» է:

Մեծամորում ՏԻՄ ընտրություններում կպայքարեն ՀՅԴ եւ ՔՊ կուսակցությունները: ՔՊ ցուցակում են ընդգրկվել համայնքի ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, նախկինում քրեական գործերով անցնող անձինք, անգամ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է նախընտրական ցուցակում հանգրվանել: Հայտնի է, որ մարզպետների լիազորություններն արդեն իսկ հիմնավորապես կրճատվել են, իսկ 2 տարուց առհասարակ այդ ինստիտուտը վերանալու է, ուստի մարզպետներն արդեն տաքուկ տեղեր են փնտրում։ Մի քանիսը խորհրդարան մտան, մյուսները համայնքապետեր են առաջադրվում, այլ պաշտոնների անցնում։

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը եւս ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով «հին տաշտակին»՝ համայնքապետի աթոռին: Սակայն համայնքապետի պաշտոնն այժմ արդեն խոշորացված է, լայն լծակներ ունի եւ գրեթե մարզպետին համարժեք ազդեցություն։ Նախկինում ՀՀԿ անդամ Վահրամ Խաչատրյանը 2015-21թթ. եղել է Նորապատ համայնքի ղեկավարը։

Իշխանափոխության օրերին՝ 18-ին, նա արագ ճամբարափոխ է եղել՝ հրաժարվել ՀՀԿ-ից եւ դարձել ՔՊ-ական: 2021 թվականին Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ընտրվել է Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, կառավարության որոշմամբ, նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Մարզպետ աշխատած 4 տարիների ընթացքում Խաչատրյանի գործունեության հետ կապված մեծ թվով քննադատական հրապարակումներ են եղել։ Իսկ վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նա ընտրություններից առաջ ճնշումներ գործադրում պետական հիմնարկների աշխատողների, հատկապես՝ մարզի դպրոցների եւ մանկապարտեզների աշ­խա­տողների վրա, ցուցակներ պահանջում։

Ինչպես նաեւ՝ մարզի դպրոցների փառքի անկյունները հեռացնելու հրահանգ իջեցնում, որի արդյունքում տնօրեններից մեկը դիմում գրեց-հեռացավ: Պատկերացնում ենք, թե ինչ մեթոդներով է նա կազմակերպելու սեփական ընտրությունը։