Բացահայտիր Արմավիրը. Մեծամոր քաղաք․ Արմավիրի մարզի էներգետիկ, ճարտարապետական և հնագիտական կենտրոնը
Մեծամորը քաղաք է Հայաստանի Արմավիրի մարզում։ Այն գտնվում է Հայաստանի արևմուտքում՝ Արարատյան դաշտում, մայրաքաղաք Երևանից 38 կմ, մարզկենտրոն Արմավիրից 7 կմ և Վաղարշապատից 8 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 800-900 մ բարձրության վրա և ունի շուրջ 12,500 բնակիչ։ Մեծամորի շրջակայքում է գտնվում տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ-ը)։
Բնակավայրը հիմնադրվել է 1969 թվականին որպես ԱԷԿ-ի կառուցողների և շահագործող անձնակազմի բանվորական ավան։ 1972 թվականին այն ստացել է քաղաքային բնակավայրի, իսկ 1992 թվականի փետրվարի 20-ին՝ քաղաքի կարգավիճակ։ 2021 թվականին դարձել է Մեծամոր խոշորացված համայնքի կենտրոնը (ընդգրկելով 31 բնակավայր), իսկ 2022 թվականին ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք»։ Քաղաքի գլխավոր հատակագիծն ու հասարակական շենքերը 1967-1986 թվականներին նախագծվել են «Հայպետնախագիծ» ինստիտուտի երրորդ արվեստանոցի ղեկավար, ճարտարապետ Մարտին Միքայելյանի կողմից։
Քաղաքաշինական հայեցակարգով նախատեսվել էր 3 միկրոշրջան, հանրային շենքերով հյուսված կենտրոն, հիվանդանոցային համալիր և զբոսայգուն միացող հասարակական գոտի։ Բնակարանային շինարարությունն սկսվել է 1970 թվականին, իսկ առաջին շենքը շահագործման է հանձնվել 1971 թվականի դեկտեմբերին։ ԽՍՀՄ փլուզման պատճառով կառուցվեց միայն առաջին միկրոշրջանը։
Քաղաքում գործում են 2 հանրակրթական դպրոց, «Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց», մարզային համալիր, հիվանդանոց, իսկ 2001 թվականից՝ Սուրբ Ղազար եկեղեցին։ Մեծամորը հայտնի է նաև իր հնագիտական հարուստ ժառանգությամբ։ 2022 թվականի պեղումների ժամանակ քաղաքում հայտնաբերվել է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող դամբարան, որտեղ պահպանվել են տղամարդու և կնոջ մասունքներ՝ ոսկե, բրոնզե, անագե ու կիսաթանկարժեք քարերով զարդերով, ինչպես նաև կերամիկական տարաներ։
Կոորդինատներ․ 40°08'34" N, 44°06'59" E (Մեծամոր)