Պաշտոնական պարզաբանում Վաղարշապատի համայնքապետարանի կողմից` Էջմիածին քաղաքի հիմնադրման 2711-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերի` խեղաթյուրված և ոչ ամբողջական տեղեկատվության մասին

· Արմավիրի մարզ

Պաշտոնական պարզաբանում Վաղարշապատի համայնքապետարանի կողմից` Էջմիածին քաղաքի հիմնադրման 2711-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերի` խեղաթյուրված և ոչ ամբողջական տեղեկատվության մասին

Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում և տեղեկատվական հարթակներում Էջմիածին քաղաքի հիմնադրման 2711-ամյակին նվիրված միջոցառումների ծախսերի, ինչպես նաև համայնքում իրականացվող շինարարական և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ տարածվում են իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված և ոչ ամբողջական տեղեկություններ։

Հաշվի առնելով հանրությանը մոլորեցնող նման հրապարակումները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել պաշտոնական պարզաբանում։

Միջոցառումների ծախսերի վերաբերյալ

Վաղարշապատի համայնքապետարանը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ առաջնորդվելով թափանցիկության, հրապարակայնության, հաշվետվողականության և հանրության առջև պատասխանատվության սկզբունքներով։

Համայնքապետարանի գործունեության, այդ թվում՝ 2711-ամյակի միջոցառումների կազմակերպմանն առնչվող ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը։ Համապատասխան պայմանագրերը, գնումների գործընթացների վերաբերյալ տեղեկությունները և ֆինանսական փաստաթղթերը հրապարակվում են սահմանված կարգով։ Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացներն իրականացվում են Armeps PPCM էլեկտրոնային համակարգերի միջոցով, որոնք բաց են և հասանելի հանրության համար։ Այդ գործընթացներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը հրապարակվում է նաև համապատասխան էլեկտրոնային հարթակներում և համայնքապետարանի պաշտոնական կայքէջում՝ https://docs.ejmiatsin.am/Pages/Home/default.aspx

Մեր որդեգրած գնումների քաղաքականությունը, որը հիմնված է թափանցիկության, մրցակցության և արդյունավետության սկզբունքների վրա, տալիս է նաև գործնական արդյունքներ։ Մասնավորապես, Էջմիածին քաղաքի հիմնադրման 2711-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում համերգային բեմի և լուսային տեխնիկայի ձեռքբերումն իրականացվել է շուկայական միջին արժեքից ավելի քան 20 միլիոն դրամով ցածր գնով։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ գնումների գործընթացում մրցակցային և թափանցիկ մոտեցումների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել հանրային միջոցների արդյունավետ և խնայողաբար օգտագործում՝ միաժամանակ պահպանելով պահանջվող որակական չափանիշները։

Մենք կարևորում ենք հանրությանը պարզ, թափանցիկ և փաստերի վրա հիմնված տեղեկատվության տրամադրումը՝ համոզված լինելով, որ հանրային միջոցների օգտագործման և համայնքապետարանի գործունեության վերաբերյալ ամբողջական ու հասանելի տեղեկատվությունը հանրային վստահության ձևավորման կարևոր նախապայման է։

Միևնույն ժամանակ, մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր գործընկերներին, կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց վստահված աշխատանքը կատարել են բարձր պատասխանատվությամբ և որակով՝ իրենց ներդրումն ունենալով քաղաքի տոնական տեսքի, պատշաճ կազմակերպված միջոցառումների և տոնական տրամադրության ապահովման գործում։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև միջոցառումներին մասնակցած մեր բնակիչներին, համաքաղաքացիներին և հյուրերին։ Մեզ համար կարևոր ու գնահատելի են նրանց դրական արձագանքները, ջերմ խոսքերն ու տպավորությունները, որոնցով նրանք կիսվում են առ այսօր։

Շինարարական, ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ

Վերջին շրջանում որոշ լրատվական հրապարակումներում շրջանառվում են նաև համայնքում իբր կիսատ թողնված շինարարական աշխատանքների, ասֆալտապատման ծրագրերի և մանկապարտեզների կառուցման ընթացքի վերաբերյալ իրականությունը չարտացոլող տեղեկություններ։

Տեղեկացնում ենք, որ Վաղարշապատ համայնքում ներկայումս կառուցվում են երեք նոր մանկապարտեզներ՝ Ծաղկունք, Աղավնատուն և Հովտամեջ բնակավայրերում։

Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են։ Ներկայումս ընթացքի մեջ են գույքի ձեռքբերման և համապատասխանեցման հետ կապված որոշ տեխնիկական աշխատանքներ։ Դրանց ավարտից հետո՝ հաշված օրերի ընթացքում, մանկապարտեզն իր դռները կբացի ինչպես Ծաղկունք, այնպես էլ հարակից բնակավայրերի երեխաների առջև։

Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի շինարարության պայմանագրային վերջնաժամկետը նախատեսված էր հունիս ամսին։ Չնայած դրան՝ աշխատանքների ընթացքը հաշվի առնելով՝ մանկապարտեզի պաշտոնական բացումը հնարավոր կլինի իրականացնել արդեն 2027 թվականի հունվարին։

Ինչ վերաբերում է Հովտամեջ բնակավայրի մանկապարտեզին, ապա դրա պաշտոնական բացումը նախատեսում ենք 2027 թվականի սեպտեմբերին։

Միաժամանակ համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվում են լայնածավալ ասֆալտապատման, բակային տարածքների բարեկարգման և ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ այս պահին համայնքապետարանի կողմից իրականացվող նշված ծրագրերի պայմանագրային ժամկետների խախտման խնդիր չկա։ Բոլոր աշխատանքներն իրականացվում են կնքված պայմանագրերով սահմանված ժամկետների շրջանակում։

Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը պարբերաբար այցելում են շինհրապարակներ, հանդիպում կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների, շինարարական աշխատանքներն իրականացնող մասնագետների և բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին, վերահսկելու դրանց որակն ու պայմանագրային ժամկետների պահպանումը։

Կարևոր ենք համարում նաև ընդգծել, որ իրականացվող ծրագրերի ընթացքի, ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին համայնքապետարանը պարբերաբար և հետևողականորեն տեղեկացնում է հանրությանը՝ պաշտոնական լրատվամիջոցների, Facebook-ի, Instagram-ի և համայնքապետարանի պաշտոնական կայքէջի միջոցով։

Մեր սկզբունքը հստակ է՝ հանրությունը պետք է տեղեկացված լինի։

Մենք կարևորում ենք ազատ մամուլի դերը, հարգում հանրային վերահսկողության իրավունքը և պատրաստ ենք պատասխանել համայնքի գործունեությանն առնչվող բոլոր հիմնավոր հարցերին։ Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ հանրային նշանակության տեղեկությունների տարածումը կիրականացվի փաստերի ստուգմամբ, մասնագիտական բարեխղճությամբ և ամբողջական տեղեկատվության հիման վրա։

Վաղարշապատի համայնքապետարանը շարունակելու է գործել բաց, թափանցիկ և հաշվետու՝ առաջնորդվելով համայնքի զարգացման, բնակիչների շահերի պաշտպանության և հանրային վստահության ամրապնդման առաջնահերթություններով։