Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման դեպք է գրանցվել Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում։
Համայնքային ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Նոր Կեսարիա գյուղի 41-ամյա բնակիչը բնակության հասցեում զենք-զինամթերք է պահում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տնամերձ հողամասում գտնվող տնակում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և փամփուշտներ։
ՆԳՆ ոստիկանությունը հավաստիացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները շարունակվելու են առավել հետևողականությամբ: