Դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում․փաստաբանը՝ Վեհափառի գործով դատավարության մասին

· Արմավիրի մարզ

Դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում․փաստաբանը՝ Վեհափառի գործով դատավարության մասին

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր պետք է կայանար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով դատավարությունը, սակայն նիստը չկայացավ։ Դատարան չէին ներկայացել Արման Սարոյանը և հանրային մեղադրողները։

Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, դատական գործընթացը փորձում են միտումնավոր ձգձգել.

«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Այն պատճառով, որ մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար»,- ասաց պաշտպանը։

Դատական նիստին ներկա էին միայն մեղադրյալ հոգևորականների պաշտպանները։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է Հայաստանից բացակայելու արգելքը։

Նույն գործով մեղադրյալ են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր Աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։