Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է, բայց որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը. Արա Զոհրաբյան
Թեև ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում Գևորգ եպիսկոպոսի) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը, որով նա պահանջել էր անվավեր ճանաչել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում, սակայն նա դեռ շարունակում է մնալ Մասյացոտնի առաջնորդարանում։
«Արման Սարոյանը դեռ Մասյացոտնի առաջնորդարանում է»,-լրագրողներին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որքան ձգի, այնքան մեծանալու է վնասն ու իրենց պահանջի չափը:
«Իրենք ինչքան էլ ձգձգեն այս գործընթացը, գալու է մի օր, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կոնկրետ իրավական հարցեր է ուղղելու այս ամբողջ ժամանակահատվածում ֆինանսական միջոցներն ապօրինի կառավարելու, վատնելու համար, առաջնորդարանն ու մյուս եկեղեցիներն ապօրինի զավթելու համար»,- ասաց փաստաբանը։