Բացահայտիր Արմավիրը. Ակնաշեն. 8000-ամյա պատմությամբ հնագույն բնակավայրը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Ակնաշեն. 8000-ամյա պատմությամբ հնագույն բնակավայրը

Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղը (նախկին անվանումը՝ Վերին Խաթունարխ) գտնվում է Վաղարշապատի տարածաշրջանում՝ քաղաքից մոտ 6 կմ հարավ, իսկ մարզկենտրոն Արմավիրից՝ 34 կմ հարավ-արևելք:

Այն տեղակայված է Արարատյան դաշտի բերրի հողատարածքներում՝ ծովի մակարդակից շուրջ 835-850 մետր բարձրության վրա:

Գյուղի պատմությունն ու մշակութային շերտերը բազմադարյան են, սակայն համաշխարհային ճանաչում ունի հատկապես տեղի «Հին Ակնաշեն» բլուր-բնակատեղին, որը թվագրվում է մ.թ.ա. VI հազարամյակի առաջին կեսով։ Այն ներկայացնում է ուշ նեոլիթյան շրջանի «Առատաշեն-Շուլավերի-Շոմութեփե» մշակութային համալիրը:

Հնագետների պեղումների շնորհիվ բացահայտվել է շուրջ 8000 տարվա հնության նստակյաց բնակավայր, որտեղ հայտնաբերվել են կավաշաղախով ու հում աղյուսով կառուցված կլորավուն կացարաններ, ինչպես նաև փայտածուխի մնացորդներ և մշակված բույսերի վերամշակման հետքեր, ինչն ապացուցում է տարածաշրջանում վաղ երկրագործական մշակույթի բարձր զարգացվածությունը:

Հատկանշական է բնակատեղիի VII հորիզոնը (սկսված մ.թ.ա. 5950 թվականից), որն իր բնույթով և ժամանակագրությամբ լրացնում է վաղ հոլոցենյան վայրերի և ուշ նեոլիթյան մշակույթների միջև եղած բացը։ Այս շերտերից հայտնաբերվել են վանակատից (օբսիդիանից) պատրաստված երկրաչափական մանրաշերտեր, որոնք յուրահատուկ են այս մշակույթի հուշարձանների համար, ինչպես նաև ներմուծված կավե անոթներ։ Տեղական կերամիկան հնավայրում հայտնվում է ավելի ուշ՝ V հորիզոնում (մ.թ.ա. մոտ 5800 թ.): Բացի հնագույն բնակատեղիից, գյուղի տարածքում պահպանվել են նաև մ.թ.ա. IV-III հազարամյակների դամբարանադաշտ և Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին:

Ակնաշենի ներկայիս բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել է Խոյից, իսկ որոշ ընտանիքներ հաստատվել են նաև Սուրմալուից՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ գյուղի մշտական բնակչությունը կազմում է 1569 մարդ։

Համայնքն ունի ընդգծված գյուղատնտեսական ուղղվածություն: Շնորհիվ Արարատյան դաշտի բերրի հողերի և զարգացած ոռոգման համակարգի՝ բնակիչների հիմնական զբաղմունքը բանջարաբուծությունն է (հատկապես լոլիկի, վարունգի և պղպեղի մշակումը), պտղաբուծությունը, խաղողագործությունը, ինչպես նաև անասնապահությունը:

Կոորդինատներ` 40.0958° N, 44.2861° E