Բացահայտիր Արմավիրը. Գևորգյան հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի դարավոր կրթական հզոր կառույցի պատմությունն ու դերը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Գևորգյան հոգևոր ճեմարան. Մայր Աթոռի դարավոր կրթական հզոր կառույցի պատմությունն ու դերը

Գևորգյան հոգևոր ճեմարանը (աստվածաբանական համալսարան) հանդիսանում է Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը:

Նրա պատմության սկիզբը դրվել է 1866 թվականին, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Վեհափառ Կաթողիկոսը, հանդիպելով Ռուսաստանի Ալեքսանդր II ցարին, արտոնություն ստացավ հիմնադրելու հոգևոր կրթական հաստատություն: Ճեմարանի շինարարությունն սկսվեց 1869 թվականի մայիսի 25-ին, իսկ հանդիսավոր բացումը կատարվեց 1874 թվականի սեպտեմբերի 28-ին:

Նույն թվականին Ռուսաստանի լուսավորության նախարարության վավերացրած կանոնադրությամբ ճեմարանն ունենալու էր երկու բաժին՝ դասարանական՝ 6-ամյա, և լսարանական՝ 3-ամյա ուսուցմամբ, և տալու էր հոգևոր բարձրագույն կրթություն:

Հաստատության կյանքում կարևոր փուլ էր 1882 թվականը, երբ ճեմարանին միացավ Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը, և այն կոչվեց Ժառանգավորաց հոգևոր ճեմարան, իսկ հետագայում, ի պատիվ հիմնադրի, վերանվանվեց Գևորգյան ճեմարան: Չնայած գործադրված ջանքերին, հիմնադրման առաջին տարիներին՝ Գևորգ Դ կաթողիկոսի օրոք, շրջանավարտներից որևէ մեկը կուսակրոն հոգևորական չդարձավ, քանի որ կրթօջախում ավելի շատ իշխում էր աշխարհիկ ոգին:

Ճեմարանն իր կոչմանն ու խնդիրներին նպատակաուղղելու գործում կարևոր դեր խաղաց Մակար Ա Թեղուտցի կաթողիկոսը: Նա ուժեղացրեց ուսուցչական կազմը՝ հրավիրելով ականավոր գործիչների, այդ թվում՝ Ա. Նահապետյանին, Ա. Մանդինյանին, Փ. Վարդանյանին, Ս. Պալասանյանին, Մ. Պալյանին և Մ. Օրմանյանին: Վերջինս նշանակվեց աստվածաբանական առարկաների ուսուցիչ, և հենց նրա ջանքերով 1888 թվականին շրջանավարտներից չորսն առաջին անգամ ձեռնադրվեցին կուսակրոն հոգևորական:

Ճեմարանը տալիս էր բազմակողմանի ընդհանուր կրթություն: Դպրոցական բաժնում դասավանդվում էին հայոց պատմություն և աշխարհագրություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն, հայ մատենագրություն, հայոց և օտար լեզուներ (ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն), բնագիտություն, տիեզերագիտություն, մաթեմատիկա, Սուրբ Գիրք և եկեղեցական երաժշտություն: Լսարանական բաժնում ուսումնասիրում էին հայոց լեզու (աշխարհաբար և գրաբար՝ քննական), հայոց պատմություն, եկեղեցական մատենագրություն, հայ գրականություն, ընդհանուր եվրոպական գրականություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, մանկավարժություն, քաղաքատնտեսություն, Հայ Եկեղեցու պատմություն, հայ եկեղեցական իրավունք, ծիսագիտություն, հին հունարեն և այլն: Ուսումնառության ավարտին շրջանավարտները ներկայացնում էին ավարտական շարադրանք, որը պաշտպանում էին քննական հանձնաժողովի առջև, որից հետո նրանք ձեռնադրվում էին կամ ուսումը շարունակում ռուսական ու եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում:

19-րդ դարի վերջից սկսած՝ արևելահայ կրթական մշակույթը, մանկավարժությունն ու դպրոցը, գիտությունն ու հասարակական-քաղաքական կյանքը, ազատագրական պայքարը, եկեղեցին ու հոգևոր կյանքը մեծապես պայմանավորված էին Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի գործունեությամբ: Այն բարձրացրեց հայ ժողովրդի մտավոր մակարդակը բարձրագույն եվրոպական չափանիշների: Մինչև Երևանի պետական համալսարանի հիմնադրումը, Գևորգյան ճեմարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն էր հայ կյանքի բոլոր հանգուցակետերում՝ Հեռավոր Հնդկաստանից մինչև եվրոպական ոստանները, Ռուսաստանից մինչև սիրիական անապատները: Տարբեր տարիներ այստեղ դասախոսել են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, Կոմիտասը, Կ. Կոստանյանցը, Ս. Հարությունյանը, Ա. Հովհաննիսյանը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը, Մեսրոպ արք. Տեր-Մովսիսյանը (Մագիստրոս) և այլք: Դասախոսների մի մասը ճեմարանի նախկին սաներն էին: Ճեմարանում են մշակվել հայկական դպրոցների ուսումնական ծրագրերը, կազմվել դասագրքերն ու ձեռնարկները, գրվել պատմագիտական, բանասիրական, մանկավարժական ու աստվածաբանական բնույթի բազում երկեր, որոնք հայագիտության մնայուն արժեքներ են:

Ավելի քան 50 տարի Անդրկովկասի հայկական դպրոցների ուսուցչական կազմը համալրվել է ճեմարանի շրջանավարտներով:

20-րդ դարի սկզբին ճեմարանն ունեցել է 230 ձրիավարժ և 20 թոշակավոր սաներ: Այն պահվում էր Էջմիածնի վանքի եկամուտների, ընդհանուր հանգանակությունների, նվիրատվությունների ու կտակների միջոցով: Վերատեսուչը կաթողիկոսն էր, որը գործերը վարում էր ուսումնական խորհրդի և տեսչի միջոցով: Ճեմարանի տեսուչներ են եղել Խորեն եպս. Գալֆայանը, Գաբրիել եպս. Այվազովսկին, Արշակ վրդ. Նահապետյանցը, Սարգիս եպս. Գասպարյանը, Կ. Կոստանյանցը, Կարապետ վրդ. Տեր-Մկրտչյանը, Գարեգին վրդ. Հովսեփյանը, Մեսրոպ վրդ. Տեր-Մովսիսյանը, Մ. Բերբերյանը, Բագրատ եպս. Վարդազարյանը և այլք:

1917 թվականի վերջին քաղաքական ու ռազմական անբարենպաստ պայմանների հետևանքով, Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի որոշմամբ, ճեմարանը դեկտեմբերի 21-ին առժամանակ դադարեցրեց իր գործունեությունը և շենքը հանձնվեց զինվորական հրամանատարությանը: 1919–1920 թվականներին փորձեր կատարվեցին ճեմարանը վերաբացելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Այնուամենայնիվ, ճեմարանի դասախոսները որոշիչ դեր խաղացին Հայաստանի համալսարանի ստեղծման գործում, իսկ ճեմարանի գրադարանի եզակի և հարուստ հավաքածուն (45 հազար գիրք) դարձավ Հայաստանի ազգային գրադարանի և Մատենադարանի հիմնարար ֆոնդերից մեկը:

Երկարատև ընդմիջումից հետո, 1945 թվականի նոյեմբերի 1-ին, Գևորգ Զ Չորեքչյանի ջանքերով բացվեց Էջմիածնի հոգևոր ճեմարանը, որը, ավելի համեստ շրջանակներում, շարունակեց նախկին հաստատության ավանդույթները: 1995 թվականին ճեմարանի պատմական շենքը որպես սեփականություն վերադարձվեց Մայր Աթոռին և 1996–1997 թվականներին հիմնովին վերանորոգվեց: 1997–1998 ուսումնական տարվա շեմին տեղի ունեցավ ճեմարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: 1999 թվականից սկսած, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հրամանով և անմիջական մասնակցությամբ, հաստատությունում իրականացվեցին նոր ու հիմնարար կազմակերպչական աշխատանքներ ու փոփոխություններ: Ավելացվեց ընդունվող սաների թիվը, բարձրացվեց տեսչության ու դասախոսական կազմի պատասխանատվությունը, իսկ լավագույն մակարդակով ուսուցումն ապահովելու համար հրավիրվեցին գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ և թեկնածուներ: 2001-2002 ուսումնական տարում Գևորգյան Հոգևոր Ճեմարանը ստացավ բարձրագույն կրոնական հաստատության կարգավիճակ:

Հաշվի առնելով ուսումնական ծրագրերի թարմացումն ու հարստացումը՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ճեմարանին շնորհեց Աստվածաբանական համալսարանի կարգավիճակ, իսկ 2016 թվականի հոկտեմբերին իրավունք տվեց նաև ասպիրանտական կրթություն իրականացնելու համար:

Աշխարհագրական կոորդինատներ`40.1618, 44.2925:

Լուսանկարը` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: