Բացահայտիր Արմավիրը. Դերջանի Ապարանից Սուրբ Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակների պատմամշակութային և կառուցվածքային առանձնահատկությունները

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Դերջանի Ապարանից Սուրբ Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակների պատմամշակութային և կառուցվածքային առանձնահատկությունները

Հայկական խաչքարային արվեստի պատմության մեջ առանձնակի գիտական և մշակութային արժեք են ներկայացնում Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառի Ապարանից բնակավայրի Սուրբ Դավիթ վանքում գտնվող հուշարձանները:

Այս բնօրինակ խաչքարերը կերտվել են 1191 և 1194 թվականներին՝ Տեր Սահակի և Հովհաննես կրոնավորի տեսիլքով: Դրանց բացառիկությունն ու գեղարվեստական կշիռը հաշվի առնելով՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվերով և լոնդոնաբնակ Հակոբ Տիտիզյանի ֆինանսական աջակցությամբ ստեղծվել են հուշարձանների կրկնօրինակները:

Որպես հիմք ծառայել են լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի կողմից Դերջան կատարած այցելության ժամանակ արված լուսանկարները:

Կրկնօրինակների ստեղծման նախագծի հեղինակն է Արտակ Ղուլյանը, իսկ քանդակագործական բարդ աշխատանքներն իրականացրել է խաչքարագործ Լյուդվիգ Ղազարյանը, ով հայտնի է նաև որպես Վազգեն Առաջին վեհափառի տապանաքարի հեղինակ:

Պատրաստման գործընթացն աչքի է ընկել տեխնիկական բարդությամբ. քանի որ քարաբեկորները եղել են չափազանց մեծ ու երկար, կոտրվելու մեծ վտանգ է առկա եղել:

Այդ պատճառով խաչքարագործն սկզբում տեղադրել է քարերը, ապա միայն կառուցել արհեստանոցը, իսկ աշխատանքների ավարտից հետո ստիպված է եղել քանդել առաստաղը՝ պատրաստի կոթողները դուրս բերելու համար:

Մարմարե այս կրկնօրինակներն ունեն 7 մետր բարձրություն, իսկ դրանցից յուրաքանչյուրը կշռում է 12-14 տոննա: Սա դրանց դասում է մեկ կտոր քարից կերտված աշխարհի ամենաբարձր խաչքարերի շարքին, մինչդեռ Արևմտյան Հայաստանում գտնվող բնօրինակների բարձրությունը 4 մետր է:

Խաչքարերի վրայի արձանագրությունների վերծանման գիտական աշխատանքներում Արտակ Ղուլյանին մեծապես օգնել են հնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արսեն Հարությունյանը: Ընդ որում, բնօրինակների անընթեռնելի հատվածները պահպանվել են նույնությամբ, իսկ խաչքարերի ստորին ազատ հատվածներում զետեղվել են նոր արձանագրություններ շարականներից և բարերարի մասին:

Հուշարձանները տեղադրվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում՝ ճշգրտորեն կրկնելով Արևմտյան Հայաստանի բնօրինակների դիրքը՝ մեկը մյուսից փոքր-ինչ բարձր: Տեղադրումը տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 28-ին՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների 100-ամյա տարելիցին:

Կոթողները կանգնեցվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու նախաձեռնությամբ, ինչպես նաև տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների բարերարությամբ:

Բացման արարողության ժամանակ Վեհափառ հայրապետն օծել է խաչքարերը սրբալույս մեռոնով: Եկեղեցանվեր գործունեության համար բարերարներ Հակոբ և Դոննա Տիտիզյանները, ինչպես նաև տեր և տիկին Քրիս Տիտիզյանները պարգևատրվել են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարձրագույն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանով:

Աշխարհագրական կոորդինատներ՝ 40.1619° N, 44.2911° E