Ճանաչենք Արմավիրի մարզի անվանի մարդկանց. Ռինգի տիրակալը․ Միշա Ալոյանի չեմպիոնական ուղին ու անկոտրում կամքը

· Արմավիրի մարզ

Ճանաչենք Արմավիրի մարզի անվանի մարդկանց. Ռինգի տիրակալը․ Միշա Ալոյանի չեմպիոնական ուղին ու անկոտրում կամքը

Միքայել (Միշա) Սուրենի Ալոյանը ժամանակակից բռնցքամարտի ամենատպավորիչ ու հիշվող դեմքերից է, ում մարզական կենսագրությունը լի է փայլուն հաղթանակներով, ծանր փորձություններով և անկոտրում կամքի դրսևորումներով։

Ազգությամբ եզդի այս տաղանդավոր բռնցքամարտիկը ծնվել է 1988 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի (ներկայիս Արմավիրի մարզ) Բամբակաշատ գյուղում։

Նրա մարզական մեծ ուղին սկիզբ առավ 1997 թվականին, երբ Ալոյանների ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաք։ Հենց այստեղ էլ նա քայլեր արեց դեպի մեծ ռինգ՝ մարզիչ Նիկոլայ Սալիխովի գլխավորությամբ, իսկ ավելի ուշ տեղափոխվեց Նովոսիբիրսկ, որտեղ նրա հետ սկսեց անընդհատ ռեժիմով աշխատել Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Էդուարդ Կրավցովը։

Միջազգային ասպարեզում առաջին լուրջ հաջողությունները չուշացան․ 2007 թվականին Միշան դարձավ երիտասարդների Ռուսաստանի և Եվրոպայի չեմպիոն։ 2008 թվականին նա հասավ Ռուսաստանի մեծահասակների առաջնության եզրափակիչ, ինչից հետո ընդգրկվեց երկրի հավաքականի կազմում՝ Բոքսի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։

Այդ մրցաշարում Ալոյանը փայլուն հանդես եկավ և նվաճեց աշխարհի գավաթը՝ որոշիչ մենամարտում հաղթելով հայտնի կուբացի բռնցքամարտիկ Անդրի Լաֆիտային։

2009 թվականին Չեխով քաղաքում անցկացված թեկնածուների մրցաշարի եզրափակչում հաղթելով իր գլխավոր մրցակից Գեորգի Բալակշինին՝ նա իրավունք ստացավ ներկայացնելու երկիրը Աշխարհի առաջնությունում։

Չնայած Միլանում կայացած այդ առաջնության կիսաեզրափակչում նա երկու մրցափուլերի ընթացքում հաշվի մեջ առաջ էր մոնղոլ Նյամբայարին Տոգցոգտից, վերջին ռաունդում կորցրեց առավելությունն ու բավարարվեց բրոնզե մեդալով։

Նույն տարվա նոյեմբերին նա առաջին անգամ հռչակվեց Ռուսաստանի չեմպիոն՝ կրկին առավելության հասնելով Բալակշինի նկատմամբ։

Ալոյանի կարիերայի գագաթնակետային տարիները մեկնարկեցին 2010 թվականին, երբ Մոսկվայում նա չորս մենամարտում տանելով փառահեղ հաղթանակներ՝ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև արժանացավ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչմանը։

2011 թվականին նա արդեն երրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը և մեկնեց Բաքու՝ մասնակցելու Աշխարհի սիրողական առաջնությանը։

Այս մրցաշարը մարզիկի համար դարձավ իսկական հոգեբանական փորձություն․ Ղարաբաղյան հիմնահարցի պատճառով տեղի հանդիսատեսը ծայրահեղ վատ ու թշնամական վերաբերմունք էր ցուցաբերում նրա հանդեպ։

Ալոյանի ռինգ բարձրանալն ուղեկցվում էր սուլոցներով ու բղավոցներով, իսկ երբ նա հաղթեց ադրբեջանցի Էլվին Մամիշզադեին, կազմակերպիչները ստիպված եղան նրան լրացուցիչ թիկնապահներ տրամադրել անվտանգությունն ապահովելու համար։

Այդ հզոր ճնշումներին դիմակայելով՝ Միշան ցուցադրեց երկաթյա կամք և նվաճեց աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալը։

Լինելով աշխարհի գործող չեմպիոն՝ Միշա Ալոյանը 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի գլխավոր ֆավորիտն էր։

Սակայն Օլիմպիադայի կիսաեզրափակչում, հավասար ու համառ պայքարում, նա կրկին զիջեց իր հին ծանոթ մոնղոլ մրցակցին՝ Նյամբայարին Տոգցոգտին, և արժանացավ օլիմպիական բրոնզե մեդալի։ Իր մարզական տիտղոսների հարուստ հավաքածուն նա շարունակեց համալրել նաև հետագայում․ 2013 թվականին Ալմա-Աթայում կայացած Աշխարհի առաջնությունում նա երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն, նույն թվականին արծաթե մեդալ նվաճեց Կազանի Ամառային ունիվերսիադայում, իսկ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում գրանցեց իր մարզական բարձրագույն նվաճումներից մեկը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն և նվաճելով արծաթե մեդալ գերթեթև քաշային կարգում։

Միշա Ալոյանի անունը մնայուն է բռնցքամարտի պատմության մեջ՝ որպես արդար պայքարի, ազգային արժանապատվության և սպորտային բարձրագույն վարպետության վառ խորհրդանիշ։