Բացահայտիր Արմավիրը. Արմավիր. Պատմական արմատներից մինչև ժամանակակից մարզկենտրոն

Արմավիր քաղաքը Հայաստանի Արմավիրի մարզի վարչական կենտրոնն է։
Այն տեղակայված է Արարատյան դաշտում՝ Երասխ գետի ձախ ափին։ Տեղանքն աչքի է ընկնում իր ուրույն բնությամբ. քաղաքի մոտով է հոսում Ասպարհեն գետը, մոտակայքում են գտնվում Ակնա լիճն ու Դաշտաքար լեռը։
Պատմահայր Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամյակից առաջ), ով բլրի վրա տուն է շինում և տեղանքն իր անունով կոչում Արմավիր։ Մ.թ.ա. մոտ 776 թվականին Վանի թագավորության (Ուրարտուի) արքա Արգիշտի Առաջինն այստեղ կառուցում է բերդաքաղաք և անվանում Արգիշտիխինիլի։
Ուրարտուի անկումից հետո՝ մ.թ.ա. 331 թվականին, Արմավիրը դառնում է Երվանդունիների թագավորության մայրաքաղաքը՝ վերածվելով խոշոր քաղաքական, մշակութային և հոգևոր կենտրոնի։ Մ.թ.ա. 189 թվականին այն հռչակվում է Մեծ Հայքի մայրաքաղաք, սակայն Արտաշատի հիմնադրմամբ կորցնում է առաջնային դերը, իսկ 5-րդ դարից մատենագրության մեջ արդեն հիշատակվում է որպես «լքյալ մայրաքաղաք»։
Բագրատունիների օրոք քաղաքը նոր վերելք է ապրում՝ ունենալով ավելի քան 10 հազար բնակիչ, երկու թաղամաս (Ալիսո և Բլուր) ու զարգացած արհեստներ։
Ուշ միջնադարում պատմական քաղաքի տարածքը մեծ վնասներ կրեց. 1712 թվականից Երևանի խանի հրամանով սկսվեց Սարդարապատի բերդի կառուցումը, որի համար որպես պատրաստի քարհանք օգտագործվեցին Արմավիրի ավերակները։ 1827 թվականի սեպտեմբերի 20-ին ռուսական զորքերը գրավեցին Սարդարապատի բերդը, որտեղ հետագայում հայտնաբերվեց նաև Արգիշտի Ա-ի թողած պատմական արձանագրությունը։
Ժամանակակից Արմավիր քաղաքի հիմքը դրվել է 1903 թվականին, երբ Թիֆլիս-Երևան երկաթուղու կառուցման շրջանակներում ավարտվեց Սարդարապատ կիսակայարանի շինարարությունը։
Կայարանին կից ձևավորված բնակավայրն արագ աճեց. 1931 թվականին այն վերանվանվեց Հոկտեմբերյան, իսկ 1935 թվականին ստացավ քաղաքի կարգավիճակ։ Հայաստանի անկախացումից հետո՝ 1996 թվականին, քաղաքին վերադարձվեց պատմական Արմավիր անունը, և այն դարձավ մարզկենտրոն։
Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը նախագծել է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը 1927 թվականին՝ այն մտահղանալով շոգեքարշի տեսքով։ Նա է նախագծել նաև ներկայիս երկաթուղային կայարանը։ Հետագա հատակագծերը կազմվել են 1940, 1955, 1976 և 2010 թվականներին։ Քաղաքի հոգևոր կենտրոնը 2014 թվականին օծված առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին է։
Այսօր Արմավիրը զարգացած կրթամշակութային և մարզական կենտրոն է։ Այստեղ գործում են 10 միջնակարգ դպրոց, 12 մանկապարտեզ, 1 համալսարան, 3 քոլեջ, ինչպես նաև արվեստի, երաժշտական ու շախմատի դպրոցներ։ Քաղաքի «Հոբելյանական» մարզադաշտն իր մեծությամբ երրորդն է հանրապետությունում։
Մշակութային կյանքն ապահովում են 5 գրադարանները, դրամատիկական թատրոնը, մշակույթի տներն ու երկու տեղական հեռուստաընկերությունները։ Քաղաքում է գտնվում նաև հանրապետության երկրորդ մեծ կենդանաբանաբուսաբանական այգին (8 հա)։
Արմավիրն ունի նաև արդյունաբերական լուրջ պոտենցիալ։ 1966 թվականից քաղաքում գործում են գինու և կոնյակի գործարաններ։ Զարգացած են պահածոների, կաթնամթերքի, հաստոցաշինական, կահույքի և շինանյութերի արտադրությունները։
Այստեղ է գտնվում նաև Հայաստանում միակ խորդենու վերամշակման գործարանը։ Քաղաքի բնակչությունը տարիների ընթացքում շեշտակի աճել է՝ 1926 թվականի 600 բնակչից 1989 թվականին հասնելով 46 857-ի։
Կոորդինատներ`40°09'0"N 44°02'24"E