Բացահայտիր Արմավիրը. Մեծամոր․ Ատոմային էներգիայի և հնագիտական գաղտնիքների երիտասարդ քաղաքը

Հայաստանի արևմուտքում՝ Արարատյան դաշտի սրտում է գտնվում Մեծամոր քաղաքը, որը թեև իր հիմնադրմամբ համարվում է նորօրյա պատմության արգասիք, սակայն իր հողում թաքցնում է հազարամյակների խորհրդավոր շերտեր։
Այս յուրահատուկ բնակավայրը տեղակայված է ծովի մակարդակից 800-900 մետր բարձրության վրա։ Այն մայրաքաղաք Երևանից հեռու է ընդամենը 38 կիլոմետր, մարզկենտրոն Արմավիրից՝ 7 կիլոմետր, իսկ Վաղարշապատից՝ 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։
Այսօր քաղաքն ունի շուրջ 12․500 հազար բնակիչ, ովքեր կերտում են բնակավայրի ժամանակակից կենսագրությունը:
Մեծամորի հիմնադրումն ու զարգացումը սերտորեն կապված են տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի կառուցման հետ, որը տեղակայված է քաղաքի շրջակայքում։
Բնակավայրը հիմնադրվել է 1969 թվականին՝ որպես ՀԱԷԿ-ի կառուցողների և շահագործող անձնակազմի բանվորական ավան։
Արդեն 1972 թվականին այն ստացել է քաղաքային բնակավայրի կարգավիճակ, իսկ 1992 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ պաշտոնապես հռչակվել է քաղաք։
Ժամանակի ընթացքում վարչատարածքային փոփոխությունների արդյունքում, 2021 թվականին Մեծամորը դարձել է խոշորացված համայնքի կենտրոն, որն իր մեջ ներառում է 31 բնակավայր։
Իր ակտիվության ու ներուժի շնորհիվ քաղաքը 2022 թվականին ճանաչվել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք»՝ մեկ տարի ժամկետով։
Քաղաքի ճարտարապետական կերպարն ունի ուշագրավ և կանոնակարգված կառուցվածք։ Գլխավոր հատակագիծն ու հասարակական շենքերը նախագծվել են 1967-1986 թվականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտում (այժմ՝ «Հայնախագիծ» ԲԲԸ), որի երրորդ արվեստանոցը ղեկավարում էր տաղանդավոր ճարտարապետ Մարտին Միքայելյանը։
Քաղաքն ունի բնակելի երեք միկրոշրջան և համաքաղաքային նշանակություն ունեցող շենքերով հյուսված կենտրոն։ Բնակելի երկու միկրոշրջանները ծավալվում են կենտրոնական առանցքին ուղղահայաց՝ արևելք-արևմուտք ուղղություններով։ Դրանք կառուցված են նախօրոք նախագծված բնակելի շենքերի մի քանի տիպերով, որոնք յուրաքանչյուր միկրոշրջանում միահյուսվելով կազմում են իրար մեջ բացվող ձգված բակերի շղթաներ՝ ապահովելով դպրոցների ու մանկապարտեզների հարմարավետ տեղակայումը։
5 հարկանի բնակելի կառուցապատման հանգուցակետերը շեշտված են 9 հարկանի բարձրահարկերով, որոնց շուրջ տեղադրված սպասարկող բլոկները թաղամասերի համար ապահովում են հասանելիության հավասար պայմաններ։
Ցավոք, խորհրդային համակարգի փլուզման պատճառով քաղաքի շինարարությունը չամբողջացավ․ կառուցվեց ու շահագործվեց միայն առաջին միկրոշրջանը և կենտրոնի հիմնական շենքերը։
ԽՍՀՄ փլուզումից հետո հեղինակը հասցրեց վերահատակագծել երկրորդ միկրոշրջանը՝ տրոհելով այն մասնավոր տների շինարարության հողաբաժանումների։
Եթե անդրադառնանք թվերին և կոմունալ-կենցաղային ֆոնդին, ապա Մեծամոր քաղաքի ընդհանուր հողային տարածքը կազմում է 910․79 հեկտար, որից բուն քաղաքաշինության համար հատկացված է 285 հեկտար, իսկ կանաչ գոտին զբաղեցնում է 15 հեկտար։ Քաղաքի բնակարանային շինարարությունն սկսվել է 1970 թվականին։
Առաջին բնակելի շենքը շահագործման է հանձնվել 1971 թվականի դեկտեմբերին և բնակեցվել 1972 թվականի փետրվարին։
Ներկայումս քաղաքի բնակելի ֆոնդը կազմում է 166․629 քառակուսի մետր կամ 2661 բնակարան։ Քաղաքն ունի 69 բնակելի շենք, որոնցից 41-ը 50 բնակարանոց հնգահարկեր են, 11-ը՝ 5 հարկանի 13 բնակարանոց շենքեր, 13-ը՝ 9 հարկանի 36 բնակարանոց բարձրահարկեր, ինչպես նաև առկա են 46 քոթեջներ՝ յուրաքանչյուրը 300 քառակուսի մետր տնամերձ
հողամասով։
Մեծամորը հարուստ է հասարակական և մշակութային կյանքով։ Քաղաքի կենտրոնը կազմող հասարակական շինությունները՝ 694 տեղանոց Մշակույթի տունը (կառուցված 1975-1986թթ․), 123 տեղանոց հյուրանոցը (1974-1977թթ․), Կապի տունն ու վարչական շենքերը (1974-1977թթ․), ագուցված են իրար՝ կազմելով բակերի յուրօրինակ փոխանցումներ։ Սրանք միանում են քաղաքային զբոսայգուն, որտեղ իրար են հաջորդում վարչական, առևտրական ու մարզական գոտիները՝ հասնելով մինչև քաղաքային լիճ։ Քաղաքում գործում են հանրային գրադարան և «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցը»։
Կրթական համակարգում ներկայումս գործում է երկու հանրակրթական դպրոց։ Քաղաքի առաջին միջնակարգ դպրոցը բացվել է 1972 թվականին (այժմ՝ «Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոց»)։ 1980 թվականին հիմնադրվել է թիվ 2 ռուսական դպրոցը, իսկ 1988-ին՝ թիվ 3 միջնակարգ դպրոցը։ 2023 թվականին թիվ 2 և թիվ 3 դպրոցները միավորվել են և վերակազմավորվել որպես «Մեծամորի թիվ 2 միջնակարգ դպրոց», որն այսօր կրում է Ս․ Գալստյանի անունը և գործում որպես թիվ 2 ավագ դպրոց։ Բացի այդ, բնակիչների կարիքների համար գործում են մարզային համալիր և հիվանդանոց, իսկ 2001 թվականից քաղաքի հոգևոր կյանքի կենտրոնն է հանդիսանում Սուրբ Ղազար եկեղեցին։
Ժամանակակից կյանքին զուգահեռ, Մեծամորն իսկական հնագիտական հարստություն է։ 2022 թվականին իրականացված հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով թվագրվող հինավուրց դամբարան։
Դամբարանում հայտնաբերվել են տղամարդու և կնոջ մասունքներ, որոնք թաղված են եղել ոսկե, բրոնզե, անագե և կիսաթանկարժեք քարերից պատրաստված բացառիկ զարդերով։ Գտածոների թվում եղել են նաև մի քանի արժեքավոր կերամիկական տարաներ, ինչը վկայում է այն մասին, որ այս տարածքը հանդիսացել է հին աշխարհի մշակութային և արհեստագործական կարևորագույն կենտրոններից մեկը։
Աշխարհագրական կոորդինատներ․
40°8′34″N 44°6′59″E