Բացահայտիր Արմավիրը. «Տագնապ» հուշարձանը՝ հայ մտավորականների հավաքական կերպարը Վաղարշապատում

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. «Տագնապ» հուշարձանը՝ հայ մտավորականների հավաքական կերպարը Վաղարշապատում

Հայաստանի մշակութային մայրաքաղաք Վաղարշապատի (Էջմիածին) սրտում՝ Մշակույթի տան հարակից տարածքում, վեր է խոյանում «Տագնապ» հոյակերտ հուշարձանը, որը նվիրված է 1915 թվականի Մեծ եղեռնի զոհ դարձած հայ նշանավոր մտավորականների հիշատակին։

2011 թվականին տեղադրված այս խմբաքանդակը ոչ միայն հարգանքի տուրք է մեր անմեղ նահատակներին, այլև հայ ժողովրդի անդառնալի կորստի և ազգային ցավի մարմնացումը։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է, ով կարողացել է մեկտեղել հայ գրականության, երաժշտության և հասարակական մտքի հսկաներին մեկ ընդհանուր հորինվածքում։

Հուշահամալիրի կենտրոնական մասում պատկերված են հայ մեծանուն մտավորականները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է յուրահատուկ կերպարով և հոգեվիճակով։

Ձախից աջ քանդակված են ականավոր գործիչներ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոյի մայրը, ինքը՝ Սիամանթոն, Երուխանը, Տիրան Չրաքյանը (Ինտրա), Կոմիտասը, Թլկատինցին, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և Ռուբեն Զարդարյանը։

Խմբաքանդակի մի հատվածում պատկերված է նաև ծնկաչոք մի կերպար, որը խորհրդանշում է երախտապարտ հայ ժողովրդին, ով խոնարհվում է իր մեծերի հիշատակի առջև։

Հուշարձանն իր ամբողջականության մեջ փոխանցում է այն տագնապն ու ողբերգությունը, որն ապրեց հայ մտավորականությունը 20-րդ դարի սկզբին, և միաժամանակ հիշեցնում է նրանց թողած անգնահատելի ժառանգության մասին։

Կոորդինատներ` 40°10'0.160"N 44°18'12.154"E