Բացահայտիր Արմավիրը. Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը. հայկական անկոտրում կամքի և ազատության խորհրդանիշը

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բարձունքին վեր է խոյանում մի կոթող, որն իր մեջ ամփոփում է հայ ժողովրդի պատմության ամենահերոսական ու տպավորիչ էջերից մեկը:
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը կառուցվել է 1976 թվականի սեպտեմբերի 16-ին և մինչ օրս կանգուն է՝ հանդիսանալով թե՛ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, և թե՛ անձնուրաց դիմադրության խորհրդանիշ:
Այս տպավորիչ կառույցի ճարտարապետն է տաղանդավոր Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
Այս անառիկ ամրոց հիշեցնող տուֆակերտ կոթողը, որի կենտրոնական մասում պատկերված է արծվի թևերով հերոսական կերպար, խորհրդանշում է մուսալեռցիների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, տոկունությունն ու արիությունը:
Հուշակոթողը վեր է հառնել Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ՝ դառնալով համահայկական միասնության յուրօրինակ արտահայտում:
Այսօր հուշարձանը ներառված է Մուսալեռի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և ունի պետական պահպանության կարգավիճակ:
Հուշակոթողի կողքին՝ բլրի ստորոտում, իրենց հավերժական հանգիստն են գտել նաև Արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները: Սա փաստում է տարբեր սերունդների պայքարի, հայրենասիրության և ազատատենչ ոգու անխզելի ու հարատև կապը:
Կոորդինատներ՝ 40°10′13.361″N 44°22′22.624″E