Բացահայտիր Արմավիրը. «Տագնապ» հուշարձան. Վաղարշապատում կանգնեցված հուշակոթողը՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհ դարձած մտավորականների

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. «Տագնապ» հուշարձան. Վաղարշապատում կանգնեցված հուշակոթողը՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհ դարձած մտավորականների

«Տագնապ» հուշարձանը հանդիսանում է հայ ժողովրդի պատմական հիշողության, ապրած արհավիրքի և միաժամանակ տոկունության խորհրդանիշը։

Այն նվիրված է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, մասնավորապես՝ հայ մտավորականության հիշատակին։

Հուշարձանը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի կենտրոնում՝ Մշակույթի տան տարածքում։

Այն տեղադրվել է 2011 թվականին։

Հուշակոթողի հեղինակը հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է։

Որպես հիմնական նյութ օգտագործվել է մնայուն և ամուր բազալտը։

Հուշարձանի ներկա վիճակը կանգուն է:

1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ Օսմանյան կայսրության առաջին հարվածներից մեկն ուղղված էր հայ ազգի սերուցքին՝ մտավորականությանը, գրողներին, գիտնականներին ու արվեստագետներին, նպատակ ունենալով ժողովրդին թողնել առանց առաջնորդների և հոգևոր հենարանի։

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը բազալտե կերտվածքի միջոցով մեծ վարպետությամբ վերարտադրել է 1915 թվականի արհավիրքը վերապրած և նահատակված հայ նշանավոր մտավորականների խմբաքանդակը։

Հուշարձանում ներառված է նաև ծնկաչոք քանդակ, որն արտահայտում է երախտապարտ ժողովրդի խոնարհումն ու հարգանքի տուրքը իր մեծերի հիշատակի առջև։

Խմբաքանդակում պատկերված անձինք (ձախից աջ)՝

• Գրիգոր Զոհրապ — գրող, քաղաքական գործիչ, փաստաբան

• Սիամանթոյի մայրը

• Սիամանթո — բանաստեղծ

• Երուխան — գրող, հրապարակախոս

• Տիրան Չրաքյան (Ինտրա) — բանաստեղծ, գրող, նկարիչ

• Կոմիտաս — մեծանուն կոմպոզիտոր, երգահան, էթնոերաժշտագետ

• Թլկատինցի — գրող, մանկավարժ

• Դանիել Վարուժան — մեծատաղանդ բանաստեղծ

• Ռուբեն Սևակ — բանաստեղծ, արձակագիր, բժիշկ

• Ռուբեն Զարդարյան — գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ:

Այս հուշակոթողը Վաղարշապատ այցելող զբոսաշրջիկների և տեղացիների համար հանդիսանում է պատմական արդարության պահանջի և ազգային զարթոնքի կարևորագույն հասցեներից մեկը։

Աշխարհագրական կոորդինատներ` 40°10'0.160"N 44°18'12.154"E