Բացահայտիր Արմավիրը. Քարակերտի բրոնզեդարյան դամբարանադաշտը

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Քարակերտի բրոնզեդարյան դամբարանադաշտը

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի տարածքում է գտնվում տարածաշրջանի հնագույն պատմությունն ու մշակույթը փաստող կարևորագույն հնագիտական հուշարձաններից մեկը՝ հիսուն հեկտարների վրա տարածվող ընդարձակ դամբարանադաշտը:

Այս հնավայրը թվագրվում է մեր թվարկությունից առաջ II-I հազարամյակներով (ուշ բրոնզի և երկաթի դարաշրջան) և հանդիսանում է պատմական մեծ արժեք ներկայացնող հուշարձանախումբ:

Պատմամշակութային այս վայրը տեղակայված է Քարակերտից դեպի Արգինա տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում:

Տեղանքն իրենից ներկայացնում է բաց, բլրապատ և չոր կլիմայական գոտուն բնորոշ լանդշաֆտ, որտեղ մակերեսային շերտում ընդգծված են հրաբխային բազալտե խոշոր քարաբեկորներն ու կրոմլեխների (քարե շրջանների) հետքերը:

Նմանատիպ դամբարանադաշտերը բնորոշ են տվյալ ժամանակաշրջանի թաղման ծիսակարգերին և վկայում են հազարամյակներ առաջ այս տարածքում գոյություն ունեցած զարգացած համայնքների, նրանց հավատալիքների ու սոցիալական կառուցվածքի մասին:

Արմավիրի մարզի այս հատվածում գտնվող պատմական ժառանգության պահպանումն ու գիտական հետազոտությունը կարևոր նշանակություն ունեն Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակեցման փուլերն ու միգրացիոն ուղիները լիարժեք ուսումնասիրելու համար:

Հուշարձանի անձեռնմխելիության ապահովումն ու դրա հանրայնացումը նպաստում են տարածաշրջանի զբոսաշրջային ու գիտական ներուժի բարձրացմանը:

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: