Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բնակության հասցեում կանեփ աճեցնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։
Մերձավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մերձավան գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու տան բակում և հարակից հատվածում հայտնաբերվել է կանեփի 14 բույս։
Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։
Տեղեկության համաձայն՝ Սարդարապատ գյուղի բնակիչը տան բակում և կից շինությունում պահում էր կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 12,13 գրամ քաշով։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։