Բացահայտիր Արմավիրը. «Արմավիր» քաղաքատեղի. Հայոց առաջին մայրաքաղաքի հնագույն գաղտնիքները

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. «Արմավիր» քաղաքատեղի. Հայոց առաջին մայրաքաղաքի հնագույն գաղտնիքները

«Արմավիր» քաղաքատեղին Հայաստանի հնագույն պատմամշակութային ժառանգության կարևորագույն հնավայրերից է, որն ընդգրկում է մ.թ.ա. VI–I դարերի և X–XIII դարերի պատմական հարուստ շերտեր: Այս նշանավոր պատմական տարածքը տեղակայված է Արմավիրի մարզի Հայկավան համայնքի վարչական տարածքում՝ Արարատյան դաշտի սրտում:

Ըստ հայոց ավանդական պատմահոր՝ Մովսես Խորենացու, քաղաքի հիմնադրումը վերագրվում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ), ով իր անունով բնակավայրը կոչեց Արմավիր: Հետագայում՝ մ.թ.ա. 776 թվականին, Վանի թագավորության (Ուրարտու) արքա Արգիշտի I-ն այստեղ հիմնադրեց խոշոր վարչատնտեսական և ռազմավարական բերդաքաղաք «Արգիշտիխինիլին»:

Ավելի ուշ՝ մ.թ.ա. IV դարի վերջին, Երվանդունիների թագավորության օրոք քաղաքը վերանվանվեց Արմավիր և դարձավ Համահայկական առաջին թագավորության մայրաքաղաքն ու հոգևոր-հավատքային կենտրոնը:

Քաղաքատեղին առանձնանում է իր բացառիկ հնագիտական գտածոներով:

Այստեղ հայտնաբերվել են ուրարտական սեպագիր արձանագրություններ (Արգիշտի I, Սարդուրի II, Ռուսա II արքաների թողած), ինչպես նաև հելլենիստական դարաշրջանի հունարեն վիմագրեր, որոնք պարունակում են հատվածներ հույն մեծ ողբերգակ Եվրիպիդեսի պոեզիայից և Երվանդունի արքաների անուններից:

Պատմական աղբյուրներում հիշատակվում է նաև Արմավիրի սրբազան «Սոսյաց անտառը», որտեղ քրմերը ծառերի տերևների Սոսափյունով գուշակություններ էին անում:

Հնագիտական պեղումների ընթացքում տարածքից դուրս են բերվել կիկլոպյան ամրոցների մնացորդներ, եռաշարք պարիսպներ, պալատական ու պաշտամունքային համալիրներ, արհեստանոցներ, մետաղյա զենքեր, զարդեր (այդ թվում՝ ոսկյա հայտնի լանջապանակը) և կավե արձանիկներ:

Քաղաքը գոյատևել է մինչև XIII դարը, երբ մոնղոլական արշավանքների հետևանքով աստիճանաբար անկում է ապրել:

Կոորդինատներ՝ 40.0819, 44.0333 (40°04'55"N 44°02'00"E)

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: