Բացահայտիր Արմավիրը. Շենավան. Արմավիրի մարզի պատմական բնակավայրերից մեկը

Շենավան գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում՝ Մեծամոր խոշորացված համայնքի կազմում:
Բնակավայրը տեղակայված է Արմավիր քաղաքից մոտ 12 կմ հարավ-արևմուտք՝ ծովի մակարդակից 890 մետր բարձրության վրա: Գյուղի ընդհանուր տարածքը կազմում է 9.6 կմ²:
Բնակավայրը պատմականորեն հայտնի է եղել «Քյալագարխ» անվանմամբ: Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանում այն ընդգրկված է եղել Երևանի նահանգի Էջմիածնի գավառում:
Խորհրդային տարիներին սկզբում մաս է կազմել Հայկական ԽՍՀ Էջմիածնի գավառի, իսկ 1930 թվականից՝ Հոկտեմբերյանի (մինչև 1935 թ.՝ Ղուրդուղուլիի) շրջանի: Գյուղը «Շենավան» է վերանվանվել 1946 թվականի ապրիլի 4-ին, իսկ 1995 թվականի վարչատարածքային բարեփոխումներից հետո մտել է ՀՀ Արմավիրի մարզի կազմ:
1831 թվականից ի վեր բնակչությունը գրեթե ամբողջությամբ հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է Սուրմալուից, Թալինից և այլ տարածքներից: Բնակչության թվաքանակը պատմության ընթացքում ունեցել է աճի միտում. 1831 թվականին այստեղ ապրում էր 100 մարդ, 1897 թվականին՝ 721, 1959 թվականին՝ 1466, իսկ 1989 թվականին գրանցվել է առավելագույն ցուցանիշը՝ 2156 բնակիչ:
Հետագա տարիներին թվաքանակը տատանվել է 1000-ից 2000-ի սահմաններում:
Գյուղի տնտեսության հիմնական ճյուղերն են անասնապահությունը, բանջարաբուծությունը և պտղաբուծությունը:
Աշխարհագրական կոորդինատները՝ 40°3'0"N 43°56'0"E: