Քննարկում՝ «Դիմակայունության ձայներ․ փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» թեմայով. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

· Արմավիրի մարզ

Քննարկում՝  «Դիմակայունության ձայներ․ փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության»  թեմայով. ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել քննարկում՝

«Դիմակայունության ձայներ․ փոքրամասնությունների կանայք՝ հանուն խաղաղության և ներառականության» թեմայով, որին մասնակցել են մարզպետի խորհրդական Սամսոն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի համապատասխան ներկայացուցիչներ, մարզի հանրակրթական ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) աշխատակիցներ, եզդիաբնակ համայնքների ներկայացուցիչներ։

Քննարկման հիմնական նպատակն է եղել անդրադառնալ ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդի համայնքի երեխաների կրթության շարունակականության ապահովմանը, վաղ ամուսնությունների կանխարգելմանը, ազգային դիմագծի պահպանմանն ու համայնքային մասնակցության խթանմանը։

Արծարծվել են կրթության շարունակականությանն առնչվող հարցերը։ Ուսումնասիրվել է եզդիաբնակ համայնքներում երեխաների, հատկապես աղջիկների՝ կրթական գործընթացում ներգրավվածության և ուսումը շարունակելու ընթացիկ վիճակը։ Դիտարկվել են այն մարտահրավերները, որոնց բախվում են դպրոցները, ոստիկանությունը և ՏԻՄ-երը։ Գնահատվել է միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների արդյունավետությունը, արձանագրվել են առկա հաջողված փորձերն ու քննարկվել լրացուցիչ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Հանդիպումն ընթացել է ակտիվ հարցուպատասխանի և մտքերի փոխանակման մթնոլորտում։

Բարձրացված խնդիրների շուրջ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հետագա համատեղ աշխատանքներն առավել հասցեական դարձնելու նպատակով։