Փարաքար համայնքի ղեկավարն ընդունել է միջազգային հարթակներում հաջողություն գրանցած Պտղունքի շնորհալի աղջիկներին. Փարաքար համայնք

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հուլիսի 30-ին, ընդունել է Պտղունք բնակավայրի շնորհալի աղջիկներ՝ Նատալի Բալեյանին և Վարդուհի Ազիզյանին, ովքեր վերջերս նշանակալի հաջողություններ են գրանցել միջազգային հարթակներում։
Նատալի Բալեյանը «Կրեմլի գավաթ» միջազգային ռիթմիկ մարմնամարզության մրցաշարում զբաղեցրել է պատվավոր 2-րդ հորիզոնականը։
Աղջնակն արդեն ինը տարի զբաղվում է գեղարվեստական մարմնամարզությամբ: Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի և Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի սան է։
Նատալին մեծ նպատակներ ունի․ ցանկանում է շարունակել մարզական ուղին, ճանապարհորդել աշխարհի տարբեր երկրներով և միջազգային մրցահարթակներում նվաճել ամենաբարձր մրցանակները։
Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհավորել է նաև Վարդուհի Ազիզյանին, ով Բալիում կայացած Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալի։
Անգլերեն լեզվով անցկացված օլիմպիադայում Վարդուհին ցուցադրելել է ոչ միայն կենսաբանության խոր գիտելիքներ, այլև անգլերեն լեզվի գերազանց իմացություն։
Ապագա բժշկուհին մշտապես աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ, աշխատասիրությամբ և գիտելիքի հանդեպ մեծ ձգտումով։
Համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը ջերմորեն շնորհավորել և շնորհակալագրեր է հանձնել աղջիկներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ, վստահություն սեփական ուժերի նկատմամբ և երբեք չդադարող ձգտում դեպի մեծ նպատակներ։
Աղջիկների անթաքույց ժպիտներն ու աչքերի փայլը ոգևորության և նոր հաղթանակների պատրաստակամության մասին էին։