Հաղթանակ միջազգային բեմում․ Մերձավանի բնակիչ Համլետ Սողոյանն արժանացել է համայնքի ղեկավարի շնորհակալագրին

· Փարաքար

Հաղթանակ միջազգային բեմում․ Մերձավանի բնակիչ Համլետ Սողոյանն արժանացել է համայնքի ղեկավարի շնորհակալագրին

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հուլիսի 28-ին, ընդունել է Բուլղարիայի Նեսեբար քաղաքում հունիսի 19-ին կայացած «Արև, Խնդություն, Գեղեցկություն» միջազգային մանկական մրցույթ-փառատոնում առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Մերձավան բնակավայրի բնակիչ Համլետ Սողոյանին։

Պատանի երաժիշտը մրցույթում հանդես է եկել գործիքային՝ դաշնամուր անվանակարգում, երկրորդ տարիքային խմբում։

Հաղթանակը նրան բերել է Ֆրիդրիխ Բյուրգմյուլլերի «Փոթորիկ» և Առնո Բաբաջանյանի «Բարկարոլա» ստեղծագործությունների բարձրարվեստ կատարումը։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ջերմորեն շնորհավորել և շնորհակալագիր է հանձնել Համլետին՝ միջազգային դասական գործիքային երաժշտության՝ դաշնամուրի մրցույթում 1-ին պատվավոր տեղը նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ և նվաճումներ։

Համլետը սովորում է Այգեկի Արվեստի դպրոցի հիմնադիր Ռոբերտ Մկրտչյանի անվան «Դիսնեյ» արվեստի դպրոցի դաշնամուրային բաժնի 5-րդ դասարանում:

Ասում է, որ դաշնամուրն իր ամենասիրելի գործիքն է, իսկ երաժշտությունը՝ տարերքը:

Նշենք, որ մրցույթը Համլետի առաջին մասնակցությունն էր միջազգային բեմում, որն անմիջապես պսակվեց հաղթանակով։