Բացահայտիր Արմավիրը. Պտղունք․ Արմավիրի մարզի այգեշատ բնակավայրը

Պտղունք գյուղը տեղակայված է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ Վաղարշապատի տարածաշրջանում։ Բնակավայրը հիմնադրվել է որպես ավան և սկզբնապես կոչվել է Բաղրամյանի անվան սովխոզին կից ավան, ապա՝ Պտղաբուծական սովխոզ N9, իսկ 1957 թվականին վերանվանվել է Պտղունք։ Գյուղի պաշտոնական լեզուն հայերենն է, բնակիչները դավանում են Հայ Առաքելական եկեղեցուն, իսկ տեղաբնակներին անվանում են պտղունքեցի։
Բնակավայրի հեռախոսային կոդն է +374 (231), փոստային ինդեքսը՝ 1145, իսկ ժամային գոտին՝ UTC+4։
Աշխարհագրական դիրքով Պտղունքը տեղակայված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակերևույթից 870 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիր քաղաքից 33 կմ հեռավորության վրա։ Գյուղն զբաղեցնում է 4.2 կմ² տարածք։
Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C-ի սահմաններում։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C-ի, իսկ առավելագույնը՝ 42 °C-ի։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման շնորհիվ վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի․ ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Գյուղի բնակչությունը ձևավորվել է նույն շրջանի և Հայաստանի տարբեր բնակավայրերից տեղափոխված բնակիչներից։ Ըստ պատմական տվյալների՝ 1959 թվականին գյուղն ունեցել է 847 բնակիչ, 1970-ին՝ 1585, 1979-ին՝ 1096, 1989-ին՝ 1193, 2001-ին՝ 1454, իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1795 բնակիչ։
Ազգային վիճակագրական ծառայության 2005 թվականի տվյալներով՝ համայնքն ունեցել է 1755 առկա բնակիչ (տղամարդիկ՝ 47%, կանայք՝ 53%) և 507 առկա տնտեսություն։ Ըստ տարիքային կազմի՝ մինչաշխատունակները կազմել են 23%, աշխատունակները՝ 60%, իսկ հետաշխատունակները՝ 17%։ Գյուղում գործում են դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
Պտղունքի տնտեսության գլխավոր ճյուղերն են պտղաբուծությունը, դաշտավարությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը և անասնապահությունը։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (64 հա), պտղատու այգիները (97 հա) և խաղողի այգիները (58 հա)։
Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով 26 հեկտար տարածք։
40°09'52"N 44°21'49"E