Բացահայտիր Արմավիրը. Աղասի Խանջյանի հուշարձանը Խանջյան գյուղում

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Աղասի Խանջյանի հուշարձանը Խանջյան գյուղում

Արմավիրի մարզի Խանջյան բնակավայրի կենտրոնական հատվածում է գտնվում պետական-քաղաքական գործիչ Աղասի Խանջյանին նվիրված հուշարձանը, որը կանգնեցվել է 1967 թվականին:

Աղասի Խանջյանը (1901–1936 թթ.) եղել է Խորհրդային Հայաստանի ղեկավարներից (ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար) և մեծ ավանդ է ունեցել երկրի տնտեսության, մշակույթի ու կրթական համակարգի զարգացման գործում: Նրա գործունեության շնորհիվ 1930-ական թվականներին Հայաստանում իրականացվել են խոշոր շինարարական ու մշակութային նախագծեր, իսկ նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Արմավիրի մարզի այս բնակավայրը նույնպես անվանակոչվել է նրա պատվին:

Հուշարձանը պատկերում է Աղասի Խանջյանի ամբողջական հասակով քանդակը՝ տեղադրված աստիճանաձև պատվանդանի վրա: Քանդակի առջևի հատվածում առկա է տուֆակերտ հուշաքար՝ «ԱՂԱՍԻ ԽԱՆՋՅԱՆ» փորագրությամբ:

Հուշարձանը տեղակայված է գյուղի կանաչապատ պուրակային հատվածում և հանդիսանում է բնակավայրի պատմամշակութային ու կենտրոնական ճարտարապետական շեշտադրումներից մեկը:

Տարածքը մշտապես գտնվում է պատմամշակութային ժառանգության պահպանության մասնագետների ուշադրության կենտրոնում. պարբերաբար իրականացվում են հուշարձանի և դրա շրջակայքի խնամքի ու մաքրման աշխատանքներ: