Բացահայտիր Արմավիրը. Արգիշտիխինիլի. Վանի թագավորության վարչատնտեսական հզոր հենակետը Արարատյան դաշտում

· Արմավիրի մարզ

Բացահայտիր Արմավիրը. Արգիշտիխինիլի. Վանի թագավորության վարչատնտեսական հզոր հենակետը Արարատյան դաշտում

Արգիշտիխինիլի քաղաքատեղին հանդիսանում է հին աշխարհի և մասնավորապես Վանի թագավորության (Ուրարտու) ամենանշանակալի հնագիտական հուշարձաններից մեկը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի հարևանությամբ՝ Արաքս գետի հին հունի ձախ ափին։

Այն հիմնադրվել է մ.թ.ա. 776 թվականին Արգիշտի Ա թագավորի կողմից, ինչի մասին վկայում են պահպանված սեպագիր արձանագրությունները։ Քաղաքը կառուցվել է որպես ռազմավարական և տնտեսական խոշոր կենտրոն՝ վերահսկելու Արարատյան դաշտի բերրի հողերն ու առևտրային ուղիները։ Համալիրն ընդգրկում է շուրջ 1000 հեկտար տարածք և ներառում է երկու հզոր միջնաբերդ՝ տեղակայված Դավթի բլրի և Սուրբ Դավիթ բլրի վրա։

Հնագիտական շերտերը փաստում են, որ բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. VIII-VI դարերում, սակայն տարածքը վերաբնակեցվել է նաև հետագա փուլերում՝ X-XIII դարերում և XIX դարում։ Արգիշտիխինիլիի ճարտարապետական լուծումները բնորոշ են ուրարտական շինարարական արվեստին. օգտագործվել են հսկայական տուֆե և բազալտե քարեր, որոնք մշակված են մեծ ճշգրտությամբ։

Քաղաքն ունեցել է զարգացած ոռոգման համակարգ, որի մասին վկայում են քարափոր ջրանցքների հետքերը, ինչպես նաև հսկայական շտեմարաններ՝ նախատեսված հացահատիկի և գինու պահպանման համար։

Միջնաբերդից մոտ 300 մետր արևելք գտնվում է XIX դարի Սուրբ Դավիթ մատուռը, որը վկայում է տարածքի հոգևոր շարունակականության մասին։

Այսօր հուշարձանը ներառված է պետական պահպանության տակ գտնվող օբյեկտների ցանկում (ինդեքս՝ 3.71.1) և հանդիսանում է հայկական պետականության հնագույն ակունքների անխոս վկան։

Կոորդինատներ՝ 40.0384° N, 43.9858° E

Լուսանկարները` Հուշարձանների պահպանության Արմավիրի մարզային ծառայության: