Կառավարությունը շուրջ 1.47 մլրդ դրամ կուղղի կրթական հաստատությունների շինարարությանը

Մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների, նախագծման և գույքային հագեցման նպատակով 2026 թվականի պետական բյուջեում կկատարվի 1 մլրդ 473.4 մլն դրամի վերաբաշխում։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նշված միջոցներից շուրջ 451.3 մլն դրամը նախատեսվում է ուղղել շինարարական աշխատանքներին, 20.4 մլն դրամը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանն ու փորձաքննությանը, իսկ շուրջ 1 մլրդ դրամը՝ գույքի ձեռքբերմանը։
Մասնավորապես՝ շինաշխատանքների շրջանակում նախատեսվում է 350.5 մլն դրամով ավելացնել Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման համար նախատեսված գումարը, իսկ 100.8 մլն դրամ հատկացնել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ըմբշամարտի մարզադահլիճի վերակառուցմանը։
Ամենախոշոր հատկացումը՝ 1 մլրդ դրամ, նախատեսվում է ուղղել շինարարությունն ավարտվող դպրոցների գույքով ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն գույք է ձեռք բերվել 120 դպրոցի և 18 մանկապարտեզի համար։ Ներկայում հրատապ է համարվում այն դպրոցների, կրթահամալիրների և մանկապարտեզների գույքի ձեռքբերումը, որոնց շինարարության ավարտը նախատեսված է մինչև սեպտեմբերի վերջ։